Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

 

«Բողոքը դեռևս չի ներկայացվել, բայց պլանավորվում է մինչ աշխատանքային օրվա վերջ մուտք անել: Բողոքը կներկայացնենք, հետո քննության արդյունքների հետ կապված ավելի մանրամասն ինֆորմացիա կլինի»,-ասաց նա:

 

Մեր հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանն ասաց, որ ունի նորմալ տրամադրվածություն, մարզվում է:

 

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը: