ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանն օգոստոսի 4-ին չի քննելու: Այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Երեկ ՀՔԾ պետի կողմից թյուրիմացաբար տեղեկատվություն հնչեցվեց, իբրևՎերաքննիչ դատարանը մեր բողոքը քննելու է այսօր: Այդպիսի բան չկա, երկուշաբթի օրը դեռևս բողոքարկման օր է, և առնվազն մինչև երեքշաբթի օրը բողոքը չի քննվելու»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանի խոսքով` ինքը պատրաստվում է երկուշաբթի օրը նաև իր կողմից բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, իսկ բողոքը վարույթ չընդունելու հիմք դատարանը չունի:
«Որպես կանոն՝ Վերաքննիչն ընդունում է վարույթ, եթե ձևական առումով չկա որևէ խախտում: Վարույթ ընդունելու որոշում չունենք, բայց չունենք նաև հակառակ որոշում: Երկուշաբթի օրը ես պատրաստվում եմ նաև իմ կողմից ներկայացնել վերաքննիչ բողոք. ուղղակի իմ տեսակետն եմ ուզում ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,- նշեց Ալումյանը: