Ինչպես հայտնի է՝ վաղը՝ հուլիսի 7-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործը, սակայն դեռևս պարզ չէ՝ նիստը կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն, անդրադառնալով ԱԺ-ի դիմումին, որով խնդրել էր հետաձգել հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, նշեց․
«Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը տեղադրված է ՍԴ-ի կայքում, իսկ նիստերի ժամկետների փոփոխության վերաբերյալ որոշում իրավասու է կայացնել միայն դատարանը՝ աշխատակարգային նիստում։ Սակայն աշխատանքային նիստ մինչ այս պահը նախատեսված չէ, բայց կարող է հրավիրել ցանկացած պահի, այսինքն՝ ՍԴ-ի նիստից առաջ կարող է հրավիրվել նաև աշխատակարգային նիստ և կայացվել աշխատակարգային որոշումներ»,- ասաց նա։
Անդրադառնալով նիստի քվորմանը՝ Ղազարյանն ասաց, որ այն կախված է դատավորների մասնակցությունից, ինչ վերաբերում է ՍԴ-ի նիստերը հեռավար անցկացնելուն, Ղազարյանն ասաց՝ ՍԴ աշխատակազմում նման բան նախատեսված չէ։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հրաժարվել էին դիմումից։ Հունիսի 3-ին ՍԴ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։