Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ Վերին Լարսի անցակետում շարունակում է մնալ ՀՀ մոտ 50 քաղաքացի: Այս մասին  տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ նշելով. «Ի լրումն ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետում շարունակում է մնալ մոտ 50 ՀՀ քաղաքացի: 

 

ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության կողմից տեղում կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քաղաքացիներին վրաններ տրամադրելու, սննդով ու ջրով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով:

 

Նշենք, որ հուլիսի 4-ին նախատեսվում է Վերին Լարսի անցակետ մեկնած Դոնի-Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ ԱԻՆ նախարարության Հյուսիսային Օսիայի տարածքային վարչության ղեկավարության հետ՝ հետագա քայլերի համաձայնեցման նպատակով:

 

Հավելենք, որ ս/թ. հուլիսի 2-ին Դոնի-Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կրկին SMS- հաղորդագրությունների միջոցով մոտ 6 հազար հասցեատիրոջ իրազեկել է Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին՝ հորդորելով զերծ մնալ դեպի անցակետ երթևեկելուց: Նշյալ բովանդակությամբ թվով 14 հազ. SMS- հաղորդագրություն տարածվել է նաև հունիսի 23-ին:

 

Հայտնում ենք նաև, որ ք. Սոչիում ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ այս օրերին կազմակերպվել է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության ամառային ծրագրերով Սոչիի ծովափնյա հանգստավայրեր մեկնած հայաստանցի երեխաների վերադարձը Հայաստան: Սոչիում ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ հայաստանցիների ևս մեկ խումբ՝ բաղկացած 15 երեխայից և մեկ ուղեկցողից, հուլիսի 8-ին Սոչիի օդանավակայանից կտեղափոխվի Հայաստան:

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ դեպի Ռուսաստան-Վրաստան ավտոմայրուղու Վերին Լարսի անցակետ երթևեկելուց»: