Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակ Աննա Օհանյանի հետ:

«Մենք կապի մեջ ենք Վերին Լարսի անցակետի մեր գործընկերների հետ և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Մեր տեղեկությամբ խնդիրը ոչ թե Ռուսաստանի Դաշնություն մեկնող մեքենաներին է վերաբերում, այլ կապված է ՌԴ-ից դուրս եկող մեքենաների հետ»,- նշեց Օհանյանը:

Ըստ Օհանյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ բեռների մեծ մասի քաշը չի համապատասխանում սահմանված նորմին: Կա թույլատրելի սահման, իսկ այդ բեռները չեն համապատասխանում օրենքով սահմանված քաշին:

«Մենք փորձում  ենք խնդրին համակարգային լուծում տալ: Կան սահմանված տուգանքներ  գերծանրաբեռնվածության համար: Սահմանված են նորմեր, որոնց բեռները պետք է համապատասխանեն : Որոշ մեքենաներ ստուգվել են, իսկ ստուգման գործընթացը արագ չի ընթանում,  արդյունքում՝ առաջացել է խցանում»,-նշեց Օհանյանը:

 

Ըստ Օհանյանի՝ իրենք անընդհատ կապի մեջ են իրենց գործընկերների հետ և անում են ամենը, որպեսզի հարցը արագ կարգավորվի և գործընթացներից յուրաքանչյուրն ընթանա օրենքին համապատասխան:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակի մասին տեսանյութ էր հայտնվել: Վարորդները դժգոհում էին, որ մի քանի օր է խցանման մեջ են ու չգիտեն՝ թե որն է պատճառը: