Թբիլիսիում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում կայացել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ, տեղեկացնում է contact.az-ը:

 

Լսումների ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը, ով «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» օրինագծի հեղինակն է, որը մարդու իրավունքների խախտումների հետ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում:

 

«2013 և 2014 թվականներին երկու անգամ կոնգրեսականների խմբով Բաքվում հանդիպել ենք նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության մասին»,-ասել է Սմիթը:

 

Նա դրական է գնահատել քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը՝ նշելով, որ բռնության գործադրմամբ ձերբակալությունները երկրում չեն դադարել:

 

Սմիթը հերքել է պաշտոնական Բաքվի մեղադրանքները, թե իր օրինագիծը կապ ունի հայկական լոբբիի հետ:
Ավելի վաղ նման օրինագիծ է ընդունվել Բելառուսի և նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:

Սմիթը կարծում է, որ այդ օրինագիծը կօգնի քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակմանը:

 

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր են կնքել ԱՄՆ-ի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի հետ՝ դրան հակազդելու համար:

 

Փաստաթուղթը Կոնգրեսի կողմից կընդունվի, եթե չազատվեն բոլոր քաղբանտարկյալներն ու հաղթահարվեն մարդու իրավունքների բոլոր խնդիրները, ասել է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարը: