armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները:
Մեր նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանն է (բազմամարտ): 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ կունենա աղջիկ մարմնամարզիկ: Գեբեշյանը Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռ է: Նա ծնվել է 1989 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձում էր նկարագրել Գեբեշյանին առաջինը շեշտեց, որ հայ մարմնամարզիկը շատ հայրենասեր է: Հուրին միջազգային մրցաշարերին ներկայանում է իր մարզական հագուստի վրա կրելով Հայաստանի մի մասնիկը՝ դրոշը: Նույնիսկ Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ նա հագուստին ամրացրել էր անմոռուկը: Երբ խնդրեցինք Հուրիին 3 բառով նկարագրել իր անձը՝ Գեբեշյանն ասաց. «Ուժեղ, կրքոտ և նպատակասլաց»:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ես թալիսման չունեմ, որ հետս տանում եմ մրցաշարերի:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Ուզում եմ կողիքս տեսնել ընտանիքիս անդամներին, հարազատներիս բարեկամներիս: Սակայն ավելի շատ Ռիոյում կցանկանայի տեսնել նախկին մարզիչիս՝ Լինաս Գավենկային, նախկին թիմակիցներիս, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
Ցավոք, ես դեռ չեմ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց իմ պատմկերացմամբ, նրանք պետք է լինեն՝ հեղինակավոր, մրցակցային մթնոլորտով սպորտային-մշակույթային տոն:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Առաջին հերթին հաջողությունս կիսելու եմ իմ անձնական մարզիչ Լևոն Կարախանյանի հետ: Ինչպես նաև մարմնամարզության Հայաստանի հավաքականի մյուս անդամների, ֆեդերացիայի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Ես լիահույս եմ, որ այս խաղերը կավելացնեն անձնական փորձս: Ուզում եմ ծանոթանալ նոր հետաքրքիր մարդկանց հետ, նոր ընկերներ գտնել: Ուզում եմ ականատես լինել հետաքրքիր մրցելույթների: Առաջին հերթին իրականություն կդառնա իմ երազանքը՝ ես կմասնակցեմ Օլիմպիական խաղերին: