Տաք գույներ, բարձր տրամադրություն, շատ ու շատ երիտասարդներ: Ամառային այս գունեղ օրը «Գունազարդ վազք» կամ «Color run Yerevan 2016» վազքի մրցույթը համախմբել էր շուրջ 1500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու արտերկրից' Ռուսաստան, Իսրայել, Դուբայ, Ֆրանսիա եւ այլն:
Գունազարդ վազքի կազմակերպիչ, «Run Armenia» նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հատկանշական համարեց այն, որ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է:
«Կարող եմ ասել, որ ակնկալիքները արդարացված են, քանի որ մենք աճում ենք, եւ դատելով մասնակիցների արձագանքից' կարելի է ասել, որ նման միջոցառումները պահանջարկ ունեն եւ հետաքրքիր են մարդկանց համար: Իհարկե, կատարելու աշխատանք դեռ կա, սակայն ընդհանուր առմամբ ես գոհ եմ»,-ասաց միջոցառման կազմակերպիչը' կարեւորելով նաեւ միջոցառմանը' զբոսաշրջիկների մասնակցությունը:
«Միջոցառումն ունի 4 կարեւոր ուղղություն' զանգվածային սպորտի, սպորտային զբոսաշրջության, առողջ ապրելակերպի զարգացում, ինչպես նաեւ բարեգործություն, ինչը հատկապես կարեւոր է, քանի որ այսպես աջակցություն է տրամադրվում Գյումրու բնակիչներին, ովքեր դրա կարիքն ունեն»- ընդգծեց նա:
Մասնակիցներից 22-ամյա Սուրեն Կաժոյանը ներկայացնում է TriClub երեւանյան սպորտային ակումբը, որտեղ զբաղվում են տարբեր սպորտաձեւերով' վազք, լող, եռամարտ, հեծանվային սպորտ եւ այլն:
«Մեր ակումբից այս տարվա մրցույթի մասնակիցները մոտ 30-ն են: Ես նախորդ տարի էլ եմ մասնակցել, սակայն այս տարվա ցուցանիշներս բարձր են' 5 կմ 21 րոպեում: Նման միջոցառումները ուշ-ուշ են այստեղ կազմակերպվում, սակայն լավ է, որ կազմակերպվում են հատկապես նաեւ բարեգործության նպատակով: Մարդիկ կարողանում են մի փոքր շեղվել իրենց առօրյայից»- մեզ հետ զրույցում ասաց երիտասարդը:
Իսկ 24-ամյա կանադահայ Էրի Փեդերյանը 3 ամիս է, ինչ Հայաստանում է: Նրա խոսքով' գունազարդ վազքը բավականին տարբերվող միջոցառում է:
«Սա շատ լավ հնարավորություն է' հանդիպելու տարբեր տարիքի մարդկանց' ոչ միայն տեղացիների, այլեւ սփյուռքից ժամանած: 4-րդ անգամն է, որ Հայաստանում եմ եւ շատ եմ սիրել երկիրը: Ուզում եմ հետ վերադառնալ, մասնագիտական փորձ ու հմտություններ ձեռք բերել եւ նորից գալ այստեղ, հիմնել մի ձեռնարկություն»,- նշեց կանադահայը:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հաղթող մասնակիցների պարգեւատրումը:
Աղջիկների կազմից 3-րդ, 2-րդ եւ 1-ին հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Գայանե Բարսեղյանը, Մարիաննա Ղազարյանը եւ Ռոզա Հարությունյանը, իսկ տղաներից' Մհեր Պետրոսյանը, Ռոման Ալեքսանյանը եւ Մհեր Մաշումյանը: