Երևանի հյուսիսային ավտոկայարանում տեղի ունեցավ ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը:
Մրցույթին կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար մասնակցության հայտ է ներկայացրել 24 կազմակերպություն։ Փոխադրումների ուղղություններն են. դեպի ՌԴ (37 երթուղի), Ուկրաինա (2 երթուղի), Վրաստան (1 երթուղի), Իրանի Իսլամական Հանրապետություն (1 երթուղի):
«Մենք բացառեցինք, որ փոխադրումները երկու երկրների միջև ուղղակի կերպով իրականանան: Ունենալու ենք կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրողներ: Այն փոխադրողները, ովքեր տարիներ շարունակ ոչ կանոնավոր փոխադրման անվան տակ աշխատել են և երթուղիներ են շահագործել, դրանց մի մասին այստեղ այսօր տեսնում ենք»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը: Կարևոր փոփոխություններից Մելքոնյանն առանձնացրեց այն, որ այսուհետ քաղաքացիները պետք է գան ավտոկայարան և մեկնեն հենց ավտոկայարանից:
Մրցույթի ընթացքում գնահատվում է վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի շահագործման և արտադրման տարեթիվը, տեխնիկական վիճակը և սպասարկման հնարավորությունները' օդափոխման համակարգ, նստարաններ, սառնարան և այլն:
Գնահատման հստակ սանդղակ կա' 40 միավորով: Եթե տրանսպորտային միջոցը ամբողջությամբ նոր է, ապա այդ մասով ընկերությունը կստանա 10 միավոր: Եթե վարորդն ունի 10 տարվա աշխատանքային փորձ, ապա կստանա համապատասխանաբար 10 միավոր: Իսկ եթե մեքենան 10 կամ ավելի տարվա է, ապա այն կստանա 1 միավոր, և այս հանգամանքը մեծ ազդեցություն է ունենում ընդհանուր գնահատականի վրա:
«Տարբեր բաղադրիչներից բաղկացած մի մեխանիզմ է ձևավորված: Եթե միավորների համապատասխան շեմը ընկերությունը չհաղթահարի, ապա նրան չի թույլատրվի իրականացնել կանոնավոր փոխադրումներ: Մենք պետք է փորձենք հետագայում մեր փոխադրողներին ներկայացնել ՌԴ-ում: Իրենք պետք է միջազգային համաձայնագրի շրջանակներում համապատասխան ավտոկայանների հետ պայմանագրեր կնքեն, որպեսզի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում աշխատեն ավտոկայաններից»,- ասաց Մելքոնյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը նշեց, որ փոխադրումների հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը:
«Մենք պարբերաբար հանդիպում ենք թե ոչ կանոնավոր, թե կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ և կազմակերպում ենք հանրային քննարկումներ: Արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ սա ամենաճիշտ տարբերակն է»,- ասաց Փամբուկչյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում գնահատող հանձնաժողովի անդամ Արման Կարապետյանը նշեց, որ ներկայացված մեքենաների պատրաստվածությունը միջին մակարդակի է:
Մեկ շաբաթից պաշտոնապես կհայտարարվի, թե որ կազմակերպությունները որ երթուղիներն են սպասարկելու: