Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտալ խորհրդի միջեւ համագործակցությունը կշարունակվի նաեւ առաջիկա երեք տարիների ընթացքում, որն ընթանում է արդեն 11տարի, կրթության, առողջապահության եւ տուրիզմի ոլորտներում: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի պատասխանատու Մաթիլդ Լեստրային, ֆրանսիական «ԱՖՐԱՏ» կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Մարտին Շալինյեին, նույն կազմակերպության տուրիստական ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավեին եւ միջազգային համերաշխության ծրագրի կամավոր Անժելա Գավրեին: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունելով ֆրանսիացի պատվիրակներին, փաստել է, որ հաստատված երկկողմ համագործակցությունը ստեղծել է նաեւ ջերմ հարաբերություններ, ինչն ավելի է ամրապնդում փոխադարձ վստահությունը նորանոր ծրագրեր իրականացնելիս:

 

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի պատասխանատու Մաթիլդ Լեստրան Գեղարքունիքի մարզի ղեկավարին ներկայացրել է համագործակցության շրջանակներում IRAPA հարթակի 2016-2018 թվականների տուրիստական ծրագրերը, որոնց շուրջ փոխանակվել են մտքեր: Խոսվել է նաեւ այս աշնանը մարզի գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաների վերազինման եւ բուժաշխատողների շրջանում վերապատրաստման դասընթացների վերսկսման ծրագրի իրականացման մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձե ռք բերել՝ այս տարվա դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի եւ Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջեւ վերաստորագրելու առաջիկա երեք տարիների համար նախատեսվող համագործակցության հուշագիրը: