Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում եկող գարնանը կբացվի հիմնանորոգ մանկապարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրավանք գյուղի գյուղապետ Դավիթ Բադոյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Գավառի ՏԶԾ գրասենյակի ֆինանսական աջակցությամբ գյուղի մշակույթի տան շենքի երկրորդ հարկի վեց սենյակներում մանկապարտեզ բացելու նպատակով այժմ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Գավառի ՏԶԾ գրասենյակը ներդրել է 10 միլիոն դրամ:

 

Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, տանիքի, հատակի հիմնանորոգում, պատերի ամրացում, փոխվել են դռներն ու պատուհանները: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «ԳամՇին» ԲԲԸ շինարարները: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի միջոցներով նորաստեղծ մանկապարտեզը հիմնանորոգումից հետո նաեւ կկահավորվի: Իսկ Հայրավանք համայնքի տեղական բյուջեի միջոցներով մանկապարտեզում կանցկացվի ջեռուցման համակարգ:

 

«Խորհրդային տարիներին, երբ Հայրավանքն ու Բերդկունքը մեկ համայնք էին ներկայացնում, կար մանկապարտեզի համար հատկացված մեկ շինություն, որը վթարային էր եւ հետագայում շահագործման համար դարձավ վտանգավոր», -իր խոսքում ասաց գյուղապետը: Սկզբում մանկապարտեզ կհաճախեն 28 հայրավանքցի եւ 6 բերդկունքցի երեխաներ: Շինարարական աշխատանքներն սկսվել են օգոստոսից, եւ այս պահին ավարտական փուլում են գտնվում: Համայնքի ղեկավարի հավաստմամբ' մանկապարտեզն իր աշխատանքները կսկսի 2015 թվականի մայիսին:

 

Խոսրով խլղաթյան