Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում հոկտեմբերի 4-ի առավոտը բացվեց տոնախմբությամբ, որը շարունակվեց մինչեւ երեկո' նշանավորելով նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը եւ բացումը:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' նորակառույց եկեղեցու բակում առավոտվանից հավաքվում էին Վաղաշենի եւ հարակից համայնքների հազարավոր բնակիչներ, Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում կամ արտերկրում բնակվո ղ նախկին վաղաշենցիներ, պաշտոնական անձինք, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նորակառույց եկեղեցու ճարտարապետ, ծնունդով քեսաբահայ Հրաչյա Գասպարյանը, Վաղաշենի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է ծնունդով վաղաշենցի, արդեն մոտ քառորդ դար արտերկրում ապրող ու աշխատող Հենրիկ Մելքոնյանի բարերարությամբ, չորս տարվա ընթացքում:

 

Վաղաշենի նոր հավատի տունն ունի 18 մետր բարձրություն, 12 մետր երկարություն եւ 8 մետր լայնություն: Այն իր տեսքով կենտրոնագմբեթ է, ավանդատները գտնվում են արեւելյան հատվածում, խորանի հարավային եւ հյուսիսային կողքերում: Չորս հզոր կամարների վրա նստած է հովհարաձեւ վեղարով գմբեթը:

 

Հիմքերը կառուցված են բազալտից, իսկ պատերն ու թմբուկն ամբողջությամբ' Անիպեմզայի տուֆ քարից: «Այս շքեղ եկեղեցին կառուցելիս մենք չենք հեռացել հայկական ավանդական եկեղեցաշինությունից, եւ այսօր մեր շինարարների մտքի ու ձեռքերի շնորհիվ վեր բարձրացավ ու շունչ առավ հայկական ճարտարապետության հերթական կոթողներից մեկը»,- իր խոսքում նշեց Հրաչյա Գասպարյանը:

 

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: Օծման արարողության ավարտից հետո թեմի առաջնորդը, Աստվածահաճո գործի համար շնորհակալություն հայտնելով բարերար Հենրիկ Մելքոնյանին, Վաղաշենի հավատավոր բնակչությանը, հավաստիացրեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին այսուհետ դառնալու է գործող եկեղեցի Գեղարքունյաց թեմի կազմում:

 

«Այս նորակառույց եկեղեցին ի սրտե նվիրում եմ իմ հայրենի գյուղին ու այն շեն պահող ժողովրդին: Քսանհինգ տարվա բացակայությունից հետո այսօր կատարվեց իմ երազանքը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին իր դռները բացեց հազարավոր հավատավոր մարդկանց առաջ: Հավատացած եմ, որ խորունկ հավատ ու սեր կցուցաբերեք եկեղեցու հանդեպ, ավելի կկապվեք մեր հավատին»,-ներկաներին դիմեց բարերար Հենրիկ Մելքոնյանը:

 

«Վերջապես Վաղաշենն էլ ունեցավ իր աղոթքի տունը' շքեղ մի կառույց, որի շուրջ կհամախմբվեն մեր քաղաքացիները, կլինեն ավելի միասնական, համախումբ ու հավատով լեցուն մայր եեղեցու եւ հայրենի երկրի ապագայի հանդեպ:

 

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բարերար Մելքոնյանին եւ նրա ընտանիքին, հուսալով նաեւ, որ նրա օրինակին մեր մյուս համայնքներում կհետեւեն այլ բարերարներ եւ բարեգործական ձեռնարկներ կիրականացնեն ամենատարբեր ոլորտներում: Թող աստված պահապան լինի հայ ժողովրդի բոլոր ընտանիքներին»,-ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

Եկեղեցու ընդարձակ բակում բարերար Հենրիկ Մելքոնյանի հովանավորությամբ հավատավոր բազմությանը բաժանվեց Սուրբ մատաղ: Տոնախմբության մասնակիցները ժամեր շարունակ վայելեցին մայրաքաղաքից հրավիրված «Նազանի», «Սասնա ծռեր», «Հուշեր» երգի-պարի համույթների, հանրահայտ Ջիվան Գասպարյանի, կրտսեր Ջիվան Գասպարյանի, Կամո Սեյրանյանի, Ներսիկ Իսպիրյանի, Նարեկ Պողոսյանի երաժշտական բարձրարվեստ կատարումները:

 

Սուրբ Գրիգոր Նարեկացի նորաբաց եկեղեցին վեր է խոյանում գյուղի կենտրոնում, 19-րդ դարում Ալաշկերտից գաղթած հայերի ձեռքերով կառուցված բազիլիկ կիսավեր եկեղեցու եւ գեղաքանդակ խաչքարերով հարուստ միջնադարյան գերեզմանոցի հարեւանությամբ:

 

Խոսրով Խլղաթյան