«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, եթե տեսնի, որ իսկապես Ազատության հրապարակում պայքար կա, այդ ժամանակ էլ համապատասխան որոշում կկայացնի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը։
«Ես ճիշտն ասած դեռ չեմ տեսել, թե ով է պայքարում, երբ որ տեսնենք, որ իսկապես կա պայքար, այդ դեպքում կորոշենք, թե ինչ պայքար է, ինչ եղանակով է դա արվում, ինչպես է դրա մասին ասվում, և, ըստ այդմ էլ, որոշում կկայացվի»,- ասաց նա։
Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց իրենց 5 տարվա պայքարը և ապա նշեց. «Պարզ չի՞, որ այսքան տարի մենք դուրս ենք եկել այս վարչակարգի դեմ և ցանկացած ողջախոհություն մեզ օգտակար է, և մենք պատրաստ ենք աջակից լինենք, բայց ամեն ինչ կախված է կոնկրետ այս դեպքում ինչ քաղաքական առաջարկ կարվի և կներկայացվի մեզ»,- ասաց նա։
ՀԱԿ անդամի խոսքով՝ իրենք ընտրություններին քաղաքական գնահատական տվել են, որ «վերից վար կեղծված է և որ ավելի վատն են, քան նախորդ բոլոր ընտրությունները»։ «Այսինքն՝ մենք կուզենք նման գնահատական լսել նաև քաղաքական այլ ուժերից, և համապատասխան դրան կսկսենք որոշումներ կայացնել»,- նշեց նա։