Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի անունը հայտնի է: Ինչպես հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը՝ բեռնատարով ահաբեկչություն իրականացրած վարորդը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է:
Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ թունիսյան ծագում ունեցող 31-ամյա Բուհլելը Ֆրանսիայի քաղաքացի է:
Պարբերականը հաղորդում է, որ նա ոստիկանությանը հայտնի է եղել մի շարք հանցանքների համար, ինչպիսիք են բռնությունն ու գողությունը:
Նիսի տեղական Nice Martin պարբերականը հայտնում է, որ Բուհլելը աշխատել է որպես առաքիչ-վարորդ: Հուլիսի 15-ի առավոտյան խուզարկվել է նրա տունը: Ահաբեկչի հարազատները հարցաքննվում են ոստիկանությունում:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ գտնվում են ծայրահեղ վիճակում: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: