«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը բազմաբովանդակ միջոցառում է. նման կարծիք է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Առաջին հերթին նա կարևորել է այն, որ այս փառատոնի շնորհիվ աշխարհի կինոն գալիս է Հայաստան և հնարավորություն տալիս տեսնել լավագույն նոր ֆիլմերը:

 

Հասմիկ Պողոսյանի համոզմամբ' «Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս իրագործել համատեղ ստեղծագործական նախագծեր, որոնք ծնվում են հենց փառատոնի ներսում: Բացի այդ' դրա շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը կարողանում են ավելի ճանաչել մեր երկիրը:

 

«Ի վերջո, այն մարդկային շփումներ, նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն է ընձեռնում, ինչը կարևոր է ցանկացած մասնագիտական դաշտում»,-ավելացրեց Պողոսյանը:

 

Նախարարն այն կարծիքին է, որ ներկայումս մշակույթի ամենապահանջված ոլորտը Հայաստանում երաժշտությունն է, մանավանդ' դասականը: Այնուամենայնիվ, կինոյի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, և դրա ապացույցն են կառուցվող նոր կինոթատրոնները: