Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ աղմուկ հանած տեսանյութը համացանցում դարձել է ամենաքննարկվող թեման:

 

Տեսանյութում երևում է, որ մի քանի կալանավորված և դատապարտված անձինք, իրենք իրենց վնասում են: Այդ ամենը նկարահանվել է և հայտնվել համացանցում:

 

Մասնավորապես դատապարտյալ Արմեն Հակոբյանը երկու տեղ փորը բացել է, Գարիկ Մելքոնյանը ոտքերն է գամել գետնին` փորձելով ինքնասպանություն գործել, սակայն խցի մյուս դատապարտյալները կանխել են, իսկ ահա դատապարտյալ Արթուր Արշակյանն էլ թևերն է վնասել:

 

Lurer.com-ի տեղեկություններով, ՔԿՀ ղեկավարությունը արգելք է դրել այս կամ այն տեսակի հոգեմետ դեղի մուտքը քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև խստացվել են թմրանյութերի շրջանառությունը:

 

Այս ամենի ֆոնին, կալանավորված անձինք, պատճառաբանելով, որ բանտի ադմինիստրացիան փակ է պահում դռան դիտանցքը՝ գնացել են ինքնավնասման:

 

Կալանավորները, սակայն, փորձել են «Լիրիկա» տեսակի հոգեմետ դեղ մտցնել ՔԿՀ, որը և’ օգտագործում են, և’ վաճառում թմրանյութ օգտագործող այլ կալանավորներին:

 

Քանի որ վերջին ժամանակներս խստացվել է և գրեթե անհնարին է դարձել նման դեղերի շրջանառությունը, այս կալանավորները այս կերպ փորձ են անում դիմել շանտաժի, խաղալով հասարակության նյարդերի և զգացմունքների հետ:



Կատարվածի վերաբերյալ ՔԿՎ-ն դեռ լռում է` չտալով ոչ մի բացատրություն, սակայն հասկանալի է նաև, որ ՔԿՀ-ում բարձիթողի վիճակ է այնքանով, որ բավարար չէ, որ նմանատիպ դեպքեր են գրանցվում, մի բան էլ` տեսանկարահանվում և հայտնվում են համացանցում:

Ն. Ա.