Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի N8 Գլդանի բանտում ցմահ ազատազրկման ենթարկված 70 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել: Ինչպես գրում է «IPN»-ը, Վրաստանի պատժամիջոցների կիրառման նախարարության մամլո քարտուղարությունից հայտնում են, որ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը: «Նրանց հավակնությունները կապ չունեն արդարադատության համակարգի հետ»,-նշում է մամլո քարտուղարության ղեկավար Իրակլի Կորձայան:
«Բանտարկյալների գործերի վերանայումը հետաքննչական գերատեսչության լիազորությունների մեջ է մտնում: Մենք ապահովում ենք միայն կալանավորների անվտանգությունը ր հոգում ենք նրանց առողջության մասին: Քննչական կառույցները մեր գործը չեն: Դատախազությունը պետք է վարվի այնպես, ինչպես ինքն է հարկ համարում»,-նշել է Կորձայան:
Հացադուլավոր բանտարկյալները նաև պահանջում են վերանայել տեսակցությունների հարցը: Պատժամիջոցների իրականացման նախարարությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ:
Գլդանի բանտում կալանավորները իրենց հացադուլը սկսել էին երեկ: