Հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը գիշերը հղում կատարելով ամերիկյան հանրաճանաչ CNBC հեռուստաալիքին՝ հայտնեց, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օդանավում է և արդեն Գերմանիա է ուղևորվում, Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրում Գերմանիայում: Հետո Новая газета-ին հղում կատարելով, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Գերմանիան հրաժարվել է քաղաքական ասպատան տալ Էրդողանին, նա Լոնդոն է մեկնում:

 

Իրականում, սակայն, Էրդողանը Թուրքիայում գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ, մոտ երեքուկես ժամ գտնվելով օդում՝ ինքնաթիռի մեջ, Թուրքիայի օդային տարածքը չի լքել: ԱյսօրԼուրեր.com-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

 

«Մարմարիսում է եղել ինքը, Էգեյան և Միջերկրական ծովերի հատվածում, Մարմարիսի այն հյուրանոցը, որտեղ գտնվել է էրդողանը, ցամաքից ականակոծվել կամ հրթիռակոծվել է, և դա անող հարյուրապետն արդեն ձերբակալվել է,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Շենքին բավական վնաս է պատճառվել: Այդտեղից իրեն նախագահականի անվտանգության ծառայությունը փախցրել, տարել է Դալաման, որը գտնվում է Մարմարիսի և Իզմիրի (Զմյուռնիայի) միջև: Այնտեղ օդանավակայան կա, օդանավն այնտեղից իրեն վերցրել ու թռել էր դեպի Իզմիր, որտեղ մեծ օդանավակայան կա: Վայրէջք կատարելիս իրեն ասել են, որ վստահելի չէ, որովհետև Իզմիրում էլ են խլրտումներ եղել: Ինքը վախենալով՝ չի ցանկացել վայրէջք կատարել Իզմիրում:

 

Կեսգիշերից հետո, ժամը մեկնանցկես-երկուսին Էրդողանն «Այֆոնով», իր նկարով հայտարարություն արեց, որը տարածվեց «Twitter»-ով: Այդ հայտարարությամբ նա խնդրեց Թուրքիայի բոլոր քաղաքների բնակիչներին, իր աջակիցներին մի մարդու նման փողոց դուրս գալ ու չթույլատրել բանակայիններին գործողություններ կատարել, և դա տեղի ունեցավ: Նա նաև հայտնեց, որ ինքը հիմա թռչում է Ստամբուլ, բոլորը հավաքվեն Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մոտ, մեր շտաբը լինելու է այդ օդանավակայանը: Նա այդտեղ էլ վայրէջք կատարեց: Ճիշտ այդ ընթացքում լուր տարածվեց, թե նա քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Հետո, որ այդ կապակցությամբ լռություն տիրեց, ծանոթ լինելով Անգլիայի քաղաքական անցյալին, կարող եմ ասել, որ շատ անգլիական էր այդ խաղը, ես, իրոք, հավատացի դրան, մտածեցի, որ Էրդողանը գնալու է Անգլիա»:

 

Հիմա արդեն կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիա մեկնելու մասին այդ կեղծ լուրն ասպարեզ նետելը Էրդողանի կամ նրա աջակիցների կողմից խորամանկ հնարք է եղել, շեղող մանևր, որպեսզի ապահովվի նրա անվտանգությունը' մինչ ապստամբներին չմիացած բանակային ուժերը կկարողանային տիրապետել իրավիճակին: Էրդողանի' Թուրքիայի օդային տարածքում գտնվելու հանգամանքը որոշ ժամանակ թաքցվել է հավանաբար զգուշանալով այն բանի հնարավորությունից, որ ինքնաթիռը, որում գտնվում է նա, կարող է խփվել ռազմական հեղաշրջում նախաձեռնած զինվորականների կողմից:

 

Ա. Հովհաննիսյան