Միջազգային դիտորդները թող գրեն ինչ ուզում են, նրանց շարքում կան եւ ազնիվ եւ ծախված մարդիկ, բայց ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հենց ժողովուրդը: Այս մասին այսօր' փետրվարի 28-ին, Ազատության հրապարակի հանրահավաքում հայտարարեց նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ հպարտանում է երկրի պաշտոնյաներով եւ ոստիկաններով, սակայն եկել է ժամանակը հասկանալու, որ նրանք այլեւս չպետք է կատարեն անօրինական հրամաններ, այլ միայն իրենց անմիջական պարտականությունները: «Ոչ թե իմ անունից, այլ ժողովրդի անունից ես հրամայում եմ նրանց ապահովել մեր իրավունքներն այս հրապարակից մինչեւ հանրապետության սահմաններ»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիմելով հավաքվածներին, նա հերթական անգամ կոչ արեց չենդարկվել որեւէ սադրանքի: Հովհաննիսյանը հայտնեց, որ հաջորդ քաղաքական ելույթները կսկսվեն վաղը' փետրվարի 21-ին, ժամը 13-ին: «Իսկ ժամը 14-ին կամ 15-ին, եթե Սերժ Սարգսյանը ժամանի այստեղ, մենք կդիմավորենք նրան խորը հարգանքով եւ միասին կհռչակենք 4-րդ հայկական հանրապետության' արդարության եւ իրավունքի երկրի ստեղծումը»,-հայտարարեց նա, հավելելով, որ ինքը մնալու է Ազատության հրապարակում եւ բոլոր ցանկացողները կարող են միանալ:
Ժամը 19:40-ի դրությամբ, Ազատության հրապարակում հնչում է երաժշտություն, այստեղ են Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ինչպես նաեւ հանրահավաքի մասնակիցներից շատերը: