Րաֆֆի Հովհաննիսյանը չդրժեց իր խոստումը. երեկ Ազատության հրապարակում, ինչպես և խոստացել էր, ժամանեց ժամանակին, իր հետ էր նաև ՀՅԴ ներկայացուցիչը, ով իր հերթին հանդես եկավ ելույթով և հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու և սատարելու մասին: Եվ այսպես Րաֆֆի Հովհաննիսյանին միացավ ևս մեկ ուժ և ի՞նչ, ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ ոչ: Մինչև դրան անդրադառնալը, նախ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իր խոստումը չդրժելու մասին։ Վերջապես Ազատության հրապարակը ոգով լցրած քաղաքացին՝ հայը, ստացավ այն պատասխանները, որոնք պահանջում էր նախորդ օրը պարոն Հովհաննիսյանից՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների առնչությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին հանրահավաքին չշտապեց մանրամասները ներկայացնել։ Նախ ելույթ ունեցան բոլոր հնարավոր հռետորները, հնչեց «Հնարավոր»–ի երգը, որից հետո մոտ մեկ ու կես ժամ անց ինքը մոտեցավ խոսափողին: Խոսեց արևի ու բարևի մասին, սիրո ու հեղափոխության, և վերջապես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների մասին: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանը մերժել է Հովհաննիսյանի բոլոր 3 առաջարկները՝ իշխանությունը հանձնելու, կրկնակի ընտրություններ անցկացնելու և համամասնականին անցնելու առաջարկները: Այս ամենից հետո Կարեն Ավագյանը, արդեն վաղուց «չլուսաբանվող» պատգամավորը մեկնաբանեց իրավիճակը՝ Րաֆֆիին համեմատելով կամակոր երեխայի հետ, իսկ արդյունքում Սերժ Սարգսյանի ենթադրյալ «Չի կարելի»–ն մնաց օդում:
Հայաստանում՝ Աշտարակ, Վանաձոր, Գյումրի՝ ահա այս երթուղին ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որի վերջին կետը կլինի նորից Երևանի Ազատության հրապարակը: Ի՞նչ սպասել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած պայքարի այս տարբերակից։
Սցենար մեկ. Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ շրջում է Հայաստանի տարբեր քաղաքներով, որտեղ ինքը, ըստ արդյունքների, հաղթանակ է տարել և այդ ճանապարհով փորձում է կիրակի օրը Ազատության հրապարակ բերել հայերի՝ ողջ Հայաստանից: Այս տարբերակի միջոցով նաև Րաֆֆի Հովհաննիսյանը «մի կրակոցով երկու նապաստակ է խփում», բայց այս խփելը կապ չունի Սերժ Սարգսյանի «խփելու» հետ ի գիտություն, քանզի այն քաղաքները կամ ընդհանրապես այն շրջանները, որտեղ չի այցելի Րաֆֆին, էլ ավելի շահագրգռված կլինեն, ներկա գտնվելու կիրակի Ազատության հրապարակում հանրահավաքին: Արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում կներգրավի հայերին ողջ Հայաստանից, ըստ նրա սիրո հեղափոխություն, բարևի հեղափոխություն, հուսանք հենց այդպես էլ կլինի լինելու դեպքում, առանց զոհերի և միջադեպերի:
Սցենար երկրորդ. Րաֆֆի Հովհաննիսյանը այս ճանապարհով կհանգցնի, կմարի ու վերջապես կկասեցնի այս շարժումը: Չէ որ Երևանում թափը չկորցնելու համար անձամբ է պետք մնալ Երևանում, իսկ համակիրներին և կուսակիցներին ուղարկել մարզերը ու համայնքները՝ նույն առաքելությունն իրականացնելու: Չնայած նրա վարքագծին նայելով, ըստ էության, կարելի է բացառել այս տարբերակը, քանի որ վախեցնելու տարբերակը նույնպես բացառվում է, իսկ պայմանավորվելունն՝ անհնար՝ նման մարդուց:
Այսպիսով, «Չի կարելի»–ն՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Տարոն Մարգարյանի կողմից հանրահավաքը չարտոնագրելու ենթատեքստում, այլևս վտանգում է քաղաքացիների անվտանգությունը կիրակի օրն Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս առումով Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆիին ուղղված դիվանագիտական «Չի կարելի»–ն վերափոխվեց Տարոն Մարգարյանի համար իրական «Չի կարելի»–ի և նորից հերթական անգամ Տարոն Մարգարյանը կանգնեց անդունդի եզրին, քանզի կիրակի օրվա Ազատության հրապարակի հանրահավաքի արտոնագրումը հենց Տարոնի խնդիրն է: Ամեն դեպքում հուսանք պայքարը իրոք կլինի սիրո, Արևի ու բարևի, և վերջապես բարության պայքար …
Գևորգ Ավետիսյան