Ազատության հրապարակում ընթացող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավքին մասնակցեց և ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն իր ելույթում մասնավորապես հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտահոգված են երկրում օրինականություն հաստատելու անհրաժեշտությամբ, պետք է առանց նախապայմանների միանան Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը. Դա անհրաժեշտ է անել առանց նախապայմանների, քանի որ սեփական ժողովրդի առջեւ նախապայմաններ չեն դնում:
«Խոստովանեք, որ ժողովուրդն էլ չի կարողացել վերջնական դե-յուրե հաղթանակ տանել բռնության և ապօրինության նկատմամաբ: Բայց այն, որ փետրվար է ու մենք այստեղ ենք, նշանակում է մի բան, ՀՀ քաղաքացու հաղթարշավը անկասելի է: Մենք այստեղ ենք ուղիղ նայելու բռնության աչքերի մեջ, ասելու, բռնություն, քո անկումը անկասելի է»,-ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո հավելեց. Սերժ Սարգսյանը փորձեց ժողովրդին պարտադրել ընտրությունների իր տեսլականը, ինչը ենթադրում է, որ ընդդիմությունը միայն ֆոն է իշխանությունների վերարտադրման համար: Սակայն, գալով ընտրատեղամասեր, ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց' 30 վայրկյանի հեղափոխությունը: Այսօր մենք նաեւ պետք է հիշենք 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերին: Եւ ամբողջ ձայնով հայտարարել, որ մենք այլեւս թույլ չենք տա մեզ սպանել մեր մայրաքաղաքում:
Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովդրի վստահության քվեն, ինքն էլ պետք է որոշի, ինչպես վարվել այդ վստահության հետ, ինչպես դե յուրե հաղթանակը վերածել դե ֆակտո հաղթանակի: Համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա թիմի աշխատանքներից է կախված, թե ինչ կբերի այս փետրվարը,-ասաց Փաշինյանն
Փաշինյանի Հովհաննիսյանի թիմին իմաստնություն և վճռականություն մաղթեց' ժողովրդի հաղթանակին հասնելու գործում: