Ազատության հրապարակում իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս այնտեղ միայնակ չէ. նրա կողքին են իր համակիրները, կուսակցական ընկերները, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Հացադուլ-նստացույցն ուղեկցվում է Վարդան Պետրոսյանի երաժշտական կատարումներով:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը զրուցում էր ոստիկանների հետ՝ Ազատության հրապարակում վրան տեղադրելու մասին:
Երբ արդեն կար պայմանավորվածություն, որ վրանը տեղադրվելու է, և սպասում էին, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսի քաղաքապետարանի աշխատակցի հետ, վերջիններիս մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը և հրաժարվեց վրանից.
«Ես ոչ ոքից չեմ ուզում թույլտվություն վերցնել: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ պահպանում եք մեր անվտանգությունը, բայց որպես հպարտ քաղաքացի ես կմնամ բաց երկնքի տակ այնքան ժամանակ, մինչև իմ առողջության մասին մտածելով՝ որոշեք և ինքներդ վրան տրամադրեք»: