Գյումրեցի տանկիստը կմասնակցի ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 19-ին ընդունեց «Տանկային երկամարտ» մրցույթի մասնակից կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանին:
Սանասարի համար սա առաջին նմանատիպ մրցույթը չէ, դեռ ժամկետային ծառայության տարիներին՝ 2014 թվականին, մասնակցել է ԼՂՀ ՊՆ «Տանկային մրցույթ»-ին՝ գրավելով առաջին տեղը, ավելի ուշ՝ ՀՀ ԶՈՒ և ԼՂ ՊԲ «Լավագույն տանկիստ» մրցույթի պատվավոր առաջին հորիզոնականը, 2014 թվականի հուլիսին՝ ՌԴ-ում «Տանկային երկամարտ» միջազգային մրցույթին «Երկրորդ» պատվավոր հորիզոնականը: Սանասարը զորացրվել է 2015-ին, սակայն զինվորական գործի նկատմամբ սերը և հատկապես տանկիստի մասնագիտությանն արդեն «սիրահարված» տղան որոշում և անցնում է պայմանագրային ծառայության՝ Գյումրու N զորամասում:
Այս անգամ տանկային բիաթլոնի մասնակից երկրների թիվը 18-ն է, մրցակիցներից մեկը Ադրբեջանն է, որն, առաջին անգամ է մասնակցում այս մրցույթին: Չնայած մասնակից երկրների թիվին ու պատրաստվածությանը, այնուամենայնիվ, Սանասարը վստահ է՝ հայկական թիմն այս անգամ շատ ավելի լավ է պատրաստված: «Հայաստանի պատրաստվածությունը 2014 թվականի համեմատ շատ ավելի լավ է: Ինչպես սպորտսմենի համար սպորտն է իր կյանքը, տանկիստի համար էլ տանկ վարելն ապրելակերպ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սանասար Ծառուկյանը՝ վստահաբար նշելով, որ այս տարի ևս ՀՀ թիմը հաղթանակ կգրանցի, իսկ իր հաղթանակը հարազատ Գյումրուն է նվիրելու:
Հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը Ռուսաստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղերին» Հայաստանը մասնակցելու է տանկային բիաթլոնի և հատուկ նշանակության ստորաբաժանումների մրցույթներին: Տանկային բիաթլոնի ժամանակ Հայաստանի մրցակիցներն են լինելու նաև Ադրբեջանը և Իրանը:
Արմենուհի Մխոյան