Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 9322 մարդու նկատմամբ դատական քննություն է անցկացվում:
Այս մասին հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով' սպանվել է 290 մարդ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետ հեռացվել են պաշտոններից:
«Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը: Գործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 եւ ազգային անվտանգության ծառայության 100-ից ավելի աշխատակից:
Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար, որին պաշտոնական Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: