22:05
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սարի թաղում քաղաքացիները վիրավորել են ոստիկանների, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, ըստ պատգամավորի վնասվածքները հրազենային չեն, վերջինս նշեց, որ հավանաբար քարերով են խփել:
«Վարուժան Ավետիսյանը, երբ ասել է, որ կրակոցներով ողջունում են քաղաքացիներին, դա վերաբերվել է Սարի թաղում ոստիկանների հետ բախումներ սկսած քաղաքացիներին: Արդյունքում 4 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց՝ բերման ենթարկվածներ չկան»- Նիկոլ Փաշինյան:
Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ ավելի ստույգ ինֆորմացիա ստանալու ակնկալիքով:
21:10
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են լսվել, որից հետո շտապօգնության երկու մեքենա դուրս եկավ ՊՊԾ գնդի հարակից տարածքից:
Քաղաքացիները բուռն կերպով արձագանքեցին տեղի ունեցածին, սկսվեց քաշքշուկ:
Որպես «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ ներկայացած անձինք հայտարարեցին, որ իրենք խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, և վերջինս իրենց ասել է, թե որևէ գրոհ չկա և իրենք պարզապես օդ են կրակել՝ ի պաշտպանություն ոստիկանության պատնեշի մոտ հավաքված անձանց:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ևս հաստատեց, որ ոստիկանական ուժերի գրոհ չի եղել:
Այս պահին ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին հետ քաշվել իրենց դիրքերից:
20:44
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են լսվել, որից հետո Խորենացի փողոցում իրարանցում սկսվեց:
20:11
Մոտ մեկ ժամ առաջ՝ ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի, «Սասնա ծռեր» խումբը՝ որը գրավել է Ոստիկանության ՊՊԾ գունդը, պետք է հանդես գար հայտարարությամբ, բայց դեռ ոչ մի նորություն չկա:
14:15
Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ ինքը ցանկանում է հանդիպել Սասնա Ծռեր խմբի անդամների հետ, խոսել ոստիկանապետի կամ նրա տեղակալի հետ, սակայն ապարդյուն: «Արդեն երրորդ անգամն է դիմել եմ անդամներին տեսնելու համար, սակայն ոչ մի գնահատական չի տրվում իմ պահանջին: Այս ռեպրեսիաները դատապարտելի են և հենց այնպես չեն արվում: Սրա հեղինակը Սերժ Սարգսյանն է: Այս ապօրինությունները հրահանգվում են Սերժ Սարգսյանի կողմից»,- ասաց Փոստանջյանը:
Իրավիճակը Խորենացի փողոցում շարունակում է մնալ հանգիստ: Բեռնատարներով կազմված պատնեշից այն կողմ հնարավոր չէ տեսնել, թե ինչ է կատարվում:
13:30-14:00
ԼՈՒՐԵՐ.com-ը շարունակում է ներկայացնել իրավիճակը Խորենացի փողոցում: Այս պահին փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նախ նշեց, որ բանակցությունների ընթացքի մասին որևէ տեղեկություն չունի: Փաշինյանի խոսքով, եթե բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սէֆիլյանն է, ապա առաջանում է մեկ խնդիր՝ նա չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային:
«Թե ինչքանով կարելի է դա համարել բանակցություն, այլ գնահատականի հարց է: Ես խնդիրը տեսնում եմ նույն կերպ. հանրությունը, քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառեն ուժային լուծումները: Ես այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և առաջարկել եմ՝ խորհրդարանական որևէ ֆորմատով այս հարցը քննարկման առարկա դարձնել: Նա խոստացավ մտածել այդ մասին, սակայն այնքան էլ ոգևորված չէր: Ինձ անհանգստացնում է այն, որ իրադարձությունների զարգացման և տեսլականների մասին խոսում է միայն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը: Եթե մենք պետք է իրավիճակը գնահատենք քրեական որևէ հոդված բացելով կամ ցիտելով՝ նշանակում է՝ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում և հասկանում տեղի ունեցածի դրդապատճառները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
12։45
Խորենացի փողոցից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխանությունները իրեն վստահեցրել են, որ բանակցությունները խզված չեն։ «Ես ուզում եմ հավատալ այն հավաստիացումներին, որ բանակցությունները խզված չեն, սակայն գտնում եմ, որ եթե խզված չեն, ապա չպետք է իրադրությունը սրման գնա։ Ես սպասում եմ, որ տղաների հեռախոսային կապը վերահաստատվի։ Ես պահանջում եմ, որ այդ հեռախոսակապը լինի։ Հավաստիացումներ արվել են, որ բանակցությունները խզված չեն։ Իսկ կապի վերականգնման հետ կապված հավաստիացումներ չեն արվել»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը։
12:10
Այս պահին խորենացի փողոցում է գտնվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանի և մյուս տղաների հեռախոսները արգելափակելը գնահատում է բանակցությունների շարունակման առումով ոչ նպաստավոր քայլ:
«Դուք գիտեք, որ սկսվել են բանակցություններ, բոլորդ էլ գիտեք: Երեկ այդ բանակցությունները շարունակվել են: ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ես երեկ հանդիպել եմ Ժիրայր Սէֆիլյանի, «Սասնա ծռեր» խմբի անդամների, ԱԱԾ ղեկավարության հետ: ԱԱԾ ղեկավարությանը առաջարկ-պահանջ է ուղղել խմբի անդամներին: Սէֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի տղաներին փոխանցել եմ ԱԱԾ ղեկավարության առաջարկ- պահանջը: Այս պահին չեմ ասի՝ ինչ պահանջ, քանի որ դեռևս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ նրանք բանակցությունները խզում են: Մինչև 100 տոկոս վստահ չլինեմ, որ բանակցությունները խզվում են՝ մանրամասներ չեմ ասի: Ես փոխանցել եմ առաջարկ-պահանջը, տղաներն ասել են, որ այդ պատասխանը կտան այսօր ժամը 19:00-ին:
Այս պահին երրորդ տարբերակը էական չէ, քանի որ դեպի խզում է գնում: Այս պահին էականն այն է, որ մենք մինչև երեկ փակուղում չենք եղել, իսկ այսօր...: Ես փոխանցել եմ ԱԱԾ ղեկավարությանը ուղղված տղաների հավաստիացումը, որ իրենց առաջարկ- պահանջի պատասխանը կտան այսօր երեկոյան: Նրանք դա ընդունել են շատ հանգիստ և կսպասեն պատասխանին: Ես որպես միջնորդ, այս պահին չեմ կարողանում կապ հաստատել տղաների հետ, հետևաբար, չեմ կարաղանա ԱԱԾ-ին փոխանցել տղաների պատասխանը: Ես կես ժամ եմ տալիս՝ իմանալու բանակցությունները խզված են, թե՝ ոչ»,-մանրամասնեց Ալեք Ենիգոմշյանը և հավելեց՝ եթե մինչև ժամը 19:00-ը չստանա պատասխան զինված խմբի անդամների կողմից, կփաստի, որ իշխանությունները խզում են բանակցությունները և գնում են առճակատման:
Նա նշեց, որ առայժմ Ժիրայր Սէֆիլյանը ևս բանակցությունների մաս է կազմում:
11:00
Այս պահի դրությամբ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հարաբերական անդորր է։ Սակայն տեղեկություններ են հրապարակվում, թե ոստիկանությունը գրոհ է սկսելու։ ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել ՊՊԾ-ն գրավածների հետ։ Մեզ հետ զրույցում գնդում գտնվող Պավլիկ Մանուկյանն ասաց, որ չի կարող որևէ բան խոսել, քանի որ այդ դեպքում իր հեռախոսը կարգելափակվի, իսկ այն անհրաժեշտ է բանակցությունների համար։ Իսկ Վարուժան Ավետիսյանի հեռախոսահամարն ընդհանրապես արգելափակված է։
08.00-08.30
Խորենացի փողոցի մերձակայքում է եղել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան նշել է, որ առայժմ գրոհի կամ որեւէ այլ գործողության չեն նախապատրաստվում:
07.00
Շարունակում է փակ մնալ Խորենացի փողոցը: Իրավիճակն ու պահանջները նույնն են: Ինչպես հայտնի է, զինված խումբն ի սկզբանե առաջ է քաշել երկու պայման։ Առաջինը՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակում, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական: Սակայն, երեկ պարզվեց, որ Սէֆիլյանը երրորդ տարբերակ է առաջարկել։ Սկզբում գաղտնի պահվող տարբերակը Սերժ Սարգսյանի հետ բանակցելու՝ Սէֆիլյանի պատրաստակամության մասին էր։