Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մեծապես հարվածում է Ռուսաստանի հեղինակությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը' անդրադառնալով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի օրերս արած հայտարարությանը Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումների շարունակականության, ինչպես նաեւ զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքելու մտադրության մասին:

 

«Երկրի ներսում ևս շատերը հասկանում են, որ չի կարելի կրակը հանգցնել՝ դրա վրա վառելանյութ լցնելով: Ռուսաստանը անհամասեռ երկիր է, որտեղ երբեմն հաղթում են ուժերը, որոնք գործում են գումարներ վաստակելու, այլ ոչ թե երկրի շահերը պաշտպանելու համար: Այս հարցում շատ է պակասում Ռուսաստանի հայերի ձայնը՝ կազմակերպված, հստակ եւ ազդեցիկ, քանի որ Ռուսաստանի հայ համայնքն ահռելի ներուժ ունի: Մինչդեռ այն չի օգտագործվում նույնիսկ 20 տոկոսով: Սա վատ է եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի, եւ՛ նույնիսկ Ռուսաստանի համար»,-ընդգծեց հասարակական գործիչը:

 

Խոսելով ԼՂ խնդրի լուծման մասին՝ նա նշեց, որ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը նախ պետք է սկսվի Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության վերացումից, իսկ եթե խոսվում է տարածքների մասին, ապա այս դեպքում էլ պետք է սկսել այնտեղից, որ Արցախին պետք է վերադարձվեն Մարտունու, Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մի մասը:

 

Այնուամենայնիվ, Դենիս Դվորնիկովը նախընտրում է գլոբալ խնդիրներից զատ մտածել նաեւ այն մասին, թե ինչպես են մարդիկ պարզապես ապրում:

 

«Այժմ պետք է նաեւ մտածել այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում Արցախում, պետք է ապրել այսօր եւ հիմա: Այդ իսկ պատճառով ես եւ ընկերներս Արցախում անցկացնում ենք գրական միջոցառումներ, կազմակերպում ենք համերգներ, բացելու ենք գրողների ակումբ, շատ լավ եւ մտահոգ մարդիկ իրենց ունեցած 20-30 դոլարն են ուղարկում Արցախ, որպեսզի որեւէ մի երեխայի համար, ով կորցրել է հորը, գնեն նոր տաբատ կամ գրքեր»,- ասաց Դենիս Դվորնիկովը: