Եվրոպական ինտեգրացիան Հայաստանի համար կարևոր քաղաքական ուղղություն է: Մեր ապրանքները կարող են եվրոպական շուկայում ներկայացվել և լայն թափով սպառվել: ՀՀ-ն ու ԼՂՀ-ը գործում են նույն տնտեսական դաշտում: Եվրաինտեգրումը ԼՂՀ-ին կտա հնարավորություն՝ նոր ձևաչափով հանդես գալ եվրոպական արենայում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Բանախոսի խոսքով՝ մեր անվտանգության համակարգը ստիպված չենք լինի փոխել, քանի որ Հայաստանն ունի իր ուրույն դերը ՀԱՊԿ-ում: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական ՌԴ-ի արձագանքին, Գագիկ Մինասյանը նշում է, որ ռուս բարձրաստիճան այրերից և ոչ ոք բացասական վերաբերմունք չի արտահայտել մեր երկրի եվրաինտեգրացիայի ուղղության մասին:
«ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կապ չունի Հայաստանի՝ ասոցացման համաձայնագրի ստորագրելու հետ: Նման բան առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք», - ասում է Գագիկ Մինասյանը:
Ասուլիսի ընթացքում վերջինս արտագաղթը կարևոր խնդիր համարեց և նկատեց, որ իրականացվող բարեփոխումների միջոցով այս խնդիրն էլ լուծում կստանա: Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրում ներդրումներ կլինեն, նոր աշխատատեղեր կբացվեն, որն էլ կլուծի արտագաղթի խնդիրը: