Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

 

Նման գրառում է կատարել Ֆեյբուքի իր էջում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ ինքը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եթե վերջինիս ներդրումը լինի կառուցողական:

 

«Չեմ կարող հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից մի շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի) դիրքորոշումը: Դուք ցանկանում եք հաղթահարել հակամարտությունը, թե այն խորացնել՝ Ձեր ճաշակով լուրեր հորինելով: Դա վտանգավոր զբաղմունք է»,- գրել է Զախարովան:

 

Նրա տեղեկացմամբ՝ ասուլիսի ընթացքում իրեն հարցրել են Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում իրավիճակից, «ինչն ավելի նման էր քաղաքական մանիֆեստի, որը ստիպված էի ընդհատել»:

 

«Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը, ևս մեկ անգամ կրկնեմ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- նշել է Զախարովան:

 

Նրա խոսքով՝ միաժամանակ հնարավոր են նաև երկկողմ կոնտակներ, որոնց ընթացքում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած հարց: «Խնդիրը նրանում է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որ կարգավորման գործընթացի մաս չեն, փորձում են արդյոք նպաստել կարգավորմանը»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ կոչ անելով սադրանքների չենթարկվել, այդ թվում տեղեկատվական: