armnoc.am  Ծաղկաձորի քաղաքային մարզադաշտում կայացավ արդեն ավանդական դարձած' Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը։

13-րդ անգամ անցկացվող մրցույթում թիմային հաշվարկում առաջին տեղում Երևանի թիմն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Կոտայքի և Շիրակի մարզերը։

Ավանդույթի համաձայն' Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ' Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևների արժանացրեց բոլոր 4 տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող կրտսեր մասնակիցներին։

Այս տարի 100 հազար դրամ պարգևը մասնակիցներին փոխանցեց ՀԱՕԿ առաջին նախագահ' Ռուբեն Հակոբյանը։

Եզրափակիչ փուլին մասնակցում էին 4 տարիքային խմբերում մրցութային երկրորդ փուլի հաղթող 144 ընտանիքները՝ Երևան քաղաքից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից:

Ընտանիքները պայքարում էին խաղային փոխանցավազք' 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք' 30 մ, հեռացատկ (տեղից), «Հավաքիր «Հաղթանակ» բառը» մրցույթ, վարժություն' բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցավազք' թենիսի գնդակներով և հրաձգություն (օդամղիչ հրացանով) մրցաձևերում: Մրցումների մեկնարկային փուլին մասնակցել է 2061 ընտանիք (6183 մասնակցով): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: