Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք -2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում' այս տարի առաջին անգամ Երևանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երևան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությա մբ որդեգրած իր քաղաքականությունը:
«Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն իսկապես սպասված ստուգատես է, որի շրջանակում մեր թիմը հատկապես վերջին տարիներին, իրոք, տպավորիչ մասնակցություն է ունենում: Ձեր շնորհիվ այսօր, ըստ էության, նաև առողջ ապրելակերպի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում մայրաքաղաքում, ինչն իր հերթին լավ օրինակ է ծառայում երևանցի այլ ընտանիքների համար: Բայցև չպետք է բավարարվենք ձեռք բերածով և համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս մեր թիմը լավագույնս կներկայանա այս ստուգատեսին' նաև անհատապես հաղթանակներ գրանցելով մարզաձևերից յուրաքանչյուրում:
Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին մշտապես կլինի մարզական ընտանիքների կողքին և հնարավորինս կաջակցի՝ նոր հաղթանակների սպասումով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգրատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և հուշանվերներով: Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել նաև մարզիչներն ու թիմի պատասխանատուները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին սպորտի զարգացման գործում հստակ քաղաքականության և իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մշտական ուշադրության և գնահատանքի համար' մարզիկներն ու մարզիչները նշել են, որ հաջորդ տարի ևս անելու են հնարավորը հաղթական գավաթը կրկին Երևան բերելու համար: Հանդիպման ավարտին ՀՀ նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին: