Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների այն ուսուցիչների հետ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում բարձր մակարդակով կազմակերպել են մի շարք կրթամշակութային միջոցառումներ, իսկ նրանց սաներն աչքի են ընկել առարկայական օլիմպիադաներում, թեմատիկ մրցույթներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին մասնագիտական ձեռքբերումների համար՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ դպրոցներում լավ աշխատանքը, իհարկե, նախ բանիմաց տնօրեններով է պայմանավորված, սակայն արդյունավետ դասապրոցես կազմակերպելու տեսանկյունից մեծ դերակատարում ունեն նաև դասավանդող ուսուցիչները:

 

Անդրադառնալով մեր պետական տոնացույցում առկա տոների և հիշատակի օրերի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին'Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ դրանք եղել են բազմաթիվ ու բազմաբովանդակ, ինչի համար իր երախտիքի խոսքն է հղել մանկավարժներին:

 

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ 2015 թվականը ավելի հագեցած կլինի միջոցառումներով' հաշվի առնելով նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և հորդորել է ուսուցիչներին թեմատիկ միջոցառումների հիմքում դնել հայոց պետականություն ունենալու գաղափարը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' մանկավարժները վստահեցրել են, որ մեծ գիտակցումով ու պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը'մատաղ սերնդին նոր գիտելիքներով զինելու ու ազգային հայրենասիրական դաստիարակություն սերմանելու համար: Արամ Սուքիասյանն էլ Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս կանի հնարավորինը՝ դպրոցներին և մանկավարժներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: