Այն, որ ներկայումս երկրում ստեղծված իրավիճակն ամենևին էլ հեշտ լուծվողներից չէ, ակնհատ էր դեռևս ապստամբության առաջին իսկ օրվանից: Եվ խնդիրը միայն այն չէ, որ ապստամբները ներկա դրությամբ հրաժարվում են զենքերը վայր դնել, կատարել իշխանությունների պահանջը և այլն. խնդիրը նախևառաջ ներհասարակական է: Ասել կուզի, եթե ոչ հենց հիմա, ապա գոնե առաջիկայում, անկասկած, օդում կախված է լինելու այն հարցը, թե վեջին իրադարձությունների արդյունքում կուտակված հասարակական էներգիան հատկապես ո՞ր ուղղությամբ պետք է ուղղորդել:
Հանրահայտ իրողություն է այն, որ ապստամբների կարևորագույն պահանջների թվին է դասվում նաև երկրում կուտակված խնդիրների լուծմանը միտված իշխանությունների համապատասխան քայլերի պահանջը, ինչով էլ, շատ դեպքերում, բացատրվում է և ապստամբների պոպուլյարությունը:
Ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր սատարում են զինված խմբին, հասարակության այն հատվածը, որն ակնածանք ունի պայքարողների նկատմամբ, ամենևին էլ չեն բավարարվելու ասենք արցախյան հարցին վերաբերող ապստամբների պահանջի՝ իշխանությունների կողմից բավարարմամբ ու պահանջելու են դրան զուգահեռ իրականցնել նաև այն՝ համակարգային ու միգուցե իշխանությունների համար ցավոտ փոփոխությունները, որոնք կգան՝ էականորեն բարելավելու երկրի տնտեսական վիճակը, ստեղծելու ներքին արդարության մթնոլորտ, բնականոն զարգացման համար նախադրյալներ և այլն. ահա հենց այստեղ է, որ իշխանությունները կանգնելու են փաստի առաջ, քանի որ արդեն իսկ պարզ է՝ այս իրավիճակը դեռ երկար է տևելու:
Իսկ երկրի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ունի մեկ ելք՝ օգտվելով առիթից՝ երկրում սկիզբ դնել այնպիսի ներքին գործընթացների, որ էապես կփոխեն Հայաստանի դեմքն ինչպես սեփական հանրության աչքում, այնպես էլ՝ արտաքին աշխարհի: Այսինքն՝ իշխանություններին բացառիկ հնարավորություն է ընձեռված՝ ամրապնդելու Հայաստանը թե՛ դրսից, թե՛ ներսից. ինքնամաքրվելով՝ կստանար ժողովրդի անվերապահ աջակցությունն ու սեփական թիկունքը կշտկեր արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, ինչպես նաև կապացուցեր նույն համաշխարհային ուժային կենտրոններին, որ տեղի ունեցողը ոչ թե ֆարս է, նախապես մշակված սցենարով ընթացող համապատասխան իրադարձությունների կույտ, այլ միանգամայն ինքնաբուխ պրոցես, որի ուղղությունը դեպի կառուցողական հուն ուղղորդելու համար իշխանություններն այլ ելք չունեն, քան կատարել կենսական անհրաժեշտությունից բխած այն պահանջներոը, որ առաջ են քաշվել ապստամբների կողմից (սա կամրապնդեր Հայաստանի դիրքերը նախևառաջ արցախյան բանակցություններում, ու համապատասխան երկրների ղեկավարները կհամոզվեին, որ գործ ունեն մի երկրի հետ, որի իշխանությունները ոչ թե անտեսում են իրենց ժողովրդի կամքն ու հանուն սեփական իշխանության պահպանման գնում ամեն տեսակ քայլերի, այլ իրենց հետևում ունեն մի ողջ ժողովուրդ, որ տերն է իր հայրենիքի ամեն մի թիզ հողի):
Թե հատկապես ասպարեզում եղած տարբերակներից որը կընտրի իշխանությունը, թերևս ցույց կտա ապագան, բայց այն, որ սխալ որոշման դեպքում թիվ մեկ տուժողը հենց նա է լինելու, կասկածից վեր է, քանի որ աշխարհն ու Անդրկովկասը թևակոխել են մի այնպիսի ժամանակաշրջան, երբ չափից դուրս մեծ են կատարվող խաղադրույքներն ու ամեն մի սխալ որոշում կարող է վերջինը լինել այն կայացնողի համար:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ