Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում, համաձայնե՛ք՝ բացի ափսոսանքից ու երբեմն անգամ նողկանքից, ոչ մի ուրիշ զգացում չի կարող առաջացնել:

 

Ասել կուզի՝ մեր երկրում քաղաքական համակարգն՝ ի դեմս կուսակցությունների, առանձնապես կայացած չէ, ինչի բուն պատճառն, անկասկած, այդ կուսակցությունների՝ ժողովրդի աչքում մինչև վերջին խազը վարկաբեկված լինելն է. չկա գեթ մեկ քաղաքական ուժ, որը ժողովրդի շրջանում վայելի այնպիսի վստահություն, որ հանրությանը կստիպեր հույսեր փայփայել դրա հետ: Իսկ այս ամենը, բնականաբար, նախևառաջ այն տխուր փաստի հետևանքն է, որ հայրենի քաղաքական գործիչները սեփական քաղաքական պլանները նախագծելիս ելնում են բացառապես իրենց նեղ անձնական շահերից՝ փորձելով ոչ թե ծառայել ժողովրդին, այլ ժողովրդին ծառայեցնել սեփական քաղաքական նպատակներին՝ մոռանալով այն պարզ ճշմարտությունը, որ հասարակությունն ամենևին էլ հիմար չէ ու շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում իր շուրջն ու ինչպես են որոշ «խելոքներ» փորձում օգտագործել հանրային վստահության իրենց չափաբաժինը: Իսկ այս ամենի արդյունքում ստացվում է այն, ինչ ունենք ներկայում՝ սոցիալ-քաղաքական ինստիտուտների կազմալուծում ու պարզունակացում, հասարակական անորոշություն, հոռետեսական տրամադրությունների կտրուկ աճ, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ…

 

Իսկ այս ամենը նշանակում է ընդամենը մեկ բան. հայաստանյան հասարակության մոտ այլևս բնական անհրաժեշտություն է այն հասարակական-քաղաքական գործչի ասպարեզ իջնելը, որ կլինի զերծ կեղծիքից, քծնանքից, մորթապաշտությունից, հանուն ճղճիմության՝ ժողովրդի շահերը զոհաբերելու արատավոր հատկությունից: Կլինի մեկն, ում հետ իսկապես հնարավոր լինի հույս կապել, սատարել ու չխաբվել, մեկն, ով սեփական կենսափորձով, անցած ուղիով է ապացուցել, որ հարազատ զավակն է իր փառավոր ժողովրդի՝ զերծ երկերեսայնությունից ու քաղաքական կոկետությունից: Իսկ նման գործիչ Հայաստանն ունի. Գագիկ Ծառուկյանն է, որի՝ ժողովրդի շրջանում ունեցած չափազանց բարձր վարկանիշն ու կշիռը խոսում են այն մասին, որ ներկայիս գաղջ մթնոլորտի ցրման, քաղաքական դաշտի լուսավորման սրբազան գործը հասարակությունը կապում է միայն Գագիկ Ծառուկյանի հետ՝ վստահ լինելով, որ այս անգամ ևս հուսախաբ չի լինելու ու կարողանալու է նրա միջոցով գտնել այն խնդիրների ու հոգսերի լուծման բանալին, որ թույլ չեն տալիս իրեն ազատ շունչ քաշել: Այլ խոսքերով՝ ներկայումս հասարակության շրջանում հասունացել է Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձի բնական պահանջ, որ կատարյալ փրկօղակ կդառնա Հայաստանի համար:Ժողովուրդը հրաշալիորեն հասկանում է, որ միայն Ծառուկյանը կարող է դառնալ ազգային հաշտության այն անկյունաքարը, որի վրա խարսխվելով միայն  հնարավոր է ի կատար ածել պայծառ ապագայի բարի տեսլականը, որի շահառուն լինելու է ոչ միայն ներկայիս սերունդն, այլև լինելու են եկող սերունդները: Մեր ազգային իղձերի իրականացման միակ առհավատչյան հզոր Հայաստանն է, որի երաշխիքը կարող է դառնալ միայն նա, ում խոսքերի ու գործերի միջև եղող տարբերությունը բառացիորեն զրոյական է, ով ներկայումս միակն է, որ ասոցացվում է ամեն դրականի ու լավի հետ…

 

Իր պատմության այս վճռորոշ շրջանում, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ տառացիորեն կանգնած է լինել-չլինելու հարցը, երբ Հայաստանի նավը հայտնվել է համաշխարհային քաղաքական օվկիանոսի փոթորկահույզ ջրերում, չափազանց կարևոր է ճիշտ կողմնորոշվելն ու ուղիղ ճանապարհով ընթանալը. քաղաքական կեղտոտ ինտրիգների ու միմյանց տակ փորելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ իրավունք, ու հասունացել է պահը՝ միմյանց աչքերին ուղիղ նայելու, միմյանց մեջ եղբայրներ ու քույրեր տեսնելու. բա՛վ է, սթափվել է պետք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ