Այս գիշեր ՊՊԾ գնդին հարակից տարածքում երկու միջադեպ է գրանցվել: Ըստ «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հաղորդագրության՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: 

 

Հայտարարությունում նաև ասվում է, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյանն, իր անձնական մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և, ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և սնունդը տեղ է հասցրել:

 

 00:10

Այս պահի երթն ավարտվեց: Մասնակիցները հասան Խորենացի փողոց:

 

 21:44

Խորենացի փողոցում հերթական հավաքը շարունակվում է երթով: Հանրահավաքին երթուղին հրապարակվեց:


Երթի մասնակիցները շարժվելու են Նար Դոսի, Չարենցի, Նալբանդիանի փողոցներով դեպի Հանրապետության Հրապարակ և երթի մասնակիցները կրկին վերադառնալու են Խորենացի փողոց:

 

 20:13

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարում է, որ չնայած ոստիկանության պահանջներին, Խորենացի փողոցում այսօր նախատեսված հանրահավաքը կայանալու է:


Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ առաջարկելով Խորենացի փողոցի հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, և հավելելով, որ հակառակ դեպքում չի ունենա «այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»:

 

«Ոստիկանությունը պիտի ողջամիտ բացատրություն տա իր այդ դիմումի համար: Իրենց պատճառաբանությունը ոչ մի հիմք չունի: Նրանք սարսափած են երեկվա հզոր հանրահավաքից: Ուզում են կանխել ավելի բազմամարդ, հզոր ժողովրդական մոբիլիզացիայի կայացումը այստեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենիգոմշյանը:

 

Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին՝ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը, մասնավորապես, ասաց․ - «Ողջունում ենք բոլորի աջակցությունը, սակայն այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու տեղը չէ: Ցանկացած նման փորձ կկասեցվի»:

 

Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների ու իշխանության միջև բանակցություններին՝ նա հավելեց, որ իր տեղեկություններով ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր բանակցություն չի եղել:

 

«Սասնա ծռեր» խմբի հետ բանակցում էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Երեկ հայտնի դարձավ, որ նրան կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

 

Ալեք Ենիգոմշյանը փոխանցեց, որ լուծվել է «Սասնա ծռեր»-ի անդամների սննդի հարցը՝ շնորհիվ «այն քաջորդու», ով այսօր առավոտյան, ճեղքելով ոստիկանական պատնեշը, իր մեքենայով սնունդ է հասցրել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներին:

 

18:10

«ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ», - տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ այսօր հրապարակած հաղորդագրությամբ:

«Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ», - նաև ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն նշում է, որ լավատեղյակ է «հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին» և զգուշացնում է, որ «մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»:

Հաղորդագրությանը կից նաև ներկայացվում է ձայնագրություն, որը ԱԱԾ-ի պնդմամբ, հիմնավորում է «զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը»: Ձայնագրությունում ենթադրաբար զինված խմբի անդամների խոսակցությունն է երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով, հիշեցնենք, վիրավորվել էին զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը:

 

 13.35

«Սասնա ծռերի» անդամները ապահովված են սննդով: Այս մասին ցուցարարներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մոտենալով՝ փոխգնդապետը տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների սննդի հարցը լուծվել է, նրանց փոխանցվել է սնունդ, սակայն, պատգամավորը նրան չհավատաց:

 

12.08

Այս պահին ցուցարարները սնունդ են կուտակում ոստիկանական պատնեշի հարակից տարածքում՝ հույս ունենալով, որ կստանան սնունդը «Սասնա ծռեր» խմբի անդամներին փոխանցելու հնարավորություն: 

 

10.01

Այս պահին ցուցարարները հավաքվել են ոստիկանական պատնեշի մոտ և վիճաբանում են ոստիկանների հետ՝ իրենց բերած սնունդը զինված խմբին փոխանցելու թույլտվություն ստանալու համար: