«Նոր Հայաստանի» երթն ավարտվեց. այն հսկում էին ՀՀ երկու փոխոստիկանապետն ու Երևանի ոստիկանապետը: Ռաֆֆի Հովհաննիսյանն եզրափակիչ ելույթ ունեցավ, նշելով որ վաղը ժամը 17:00-ին ասուլիս կունենան:



Երթը հասավ ԿԸՀ. շենքը շրջափակված է վահաններով զինված ոստիկանական շարքերով:



Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները հասել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Երթի մասնակիցները ԿԸՀ-ից պահանջում են սահմանադրական փոփոխությունների կասեցում, նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

Ազատության հրապարակում ավարտվեց ընդդիմության կազմակերպած հանրահավքը, որին հաջորդեց երթը:

 

 

Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.



Եթե ոստիկանությունը մեզ ուզում է երթուղուց շեղվելու համար վարչական պատասխանատվության ենթարկի, թող ենթարկի:  Վարչական պատասխանատվությանը ենթարկելը մեզ համար պրոբլե՞մ է:

Մենք պիտի մատուցենք աննախադեպ հանգուցալուծում ու ունենանք նոր Հայաստան' ժողովրդին պատկանող իշխանությամբ: 

 

 

Ելույթ ունեցավ ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը.



Ես վստահ եմ, որ երեկվա մեկնարկը հզոր է եղել և եթե մեր այսօրվա քանակը զիջում է երեկվա քանակին, դա չի նշանակում, որ մենք թուլացել ենք:

Կոչ եմ անում մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին՝ միանալու մեզ: Ժողովուրդ, այս մեկնարկը այլ մեկնարկ է:

 

 

Ելույթ ունեցավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։



Սահմանադրական փոփոխությունների ընդունումը կվկայի, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել է սոցիալական անարդարությունը որպես կյանքի սկզբունք։ Եթե սահմանադրության փոփոխություններն անցնեն, իշխանությունները իրավունք կստանան որեւէ մեկին թոշակ չտալ։  Նոր Սահմանադրությամբ իշխանությունը լիովին իրավունք կունենա ասելու՝ դու ես տվել այդ իրավունքը, որ քեզ այդ իրավունքից զրկենք

 

 

Ելույթ ունեցավ «Չենք անցկացնի» նախաձեռնության վարչության անդամ Արշակ Մուսախանյանը.



Ոչ-ի քարոզչությունն պարզապես ջախջախել է «այո-ի» քարոզչությանը, որովհետև ասել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն իշխանությունների վերարտադրության մեխանիզմն է, իսկ մեր քաղաքացիների համար դա անընդունելի երևույթ է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք սահմանադրական փոփոխությունների տապալմանը և վերջապես Հայաստանում փոփոխությունների հույս առաջացնենք:

 

 

Ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:



Մենք հետագայում ավելի հետաքրքիր զարգացումներ ենք ունենալու: Օր օրի ավելի ենք մեծացնելու այս քաղաքացիական անհնազանդության ծավալները ու երկրում ստանալու ենք փոփոխություններ: Կոչ եմ անում վաղը ակտիվորեն մասնակցել Ազատության հրապարակում սպասվելիք «Ոչ»-ի հավաքին:

 

 

Ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի անդամ Հմայակ Հովհաննիսյանը.



Երեկ այս հրապարակում հնչեցին հավատի զանգերը և դրան ունկնդիր էին 200 000 մեր համաքաղաքացիներ: Մենք պահանջում ենք, որ այս ապօրինի գործընթացը կասեցվի, որովհետև այս հանրաքվեի անվան տակ փորձ է արվում օրինականացնել ժողովրդի իշխանության յուրացումը:

 

 

Ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը.



Հենց մեր մեքենան մոտենում է, որպեսզի մեր իրերը դատարկենք, մի ոստիկան է հայտնվում և թույլ չի տալիս: Ոստիկանները ոտնահարում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

 

 

Տեսնողներ են եղել, որ մի քանի հոգի մոտեցել են ցուցարարների մեքենային, ծակել են ռադիատորը։ Անողները փախել են, իսկ ոստիկանությունը արհամարհել է քրեական տարրերին հայտնաբերելու կոչերը։ 

 

 

Ավետիսյանը հայտնեց նաև, որ ոստիկանության լեյտենանտը այսօր հարձակվել է Գեւորգ Սաֆարյանի վրա, փորձել են բերման ենթարկել, բարեբախտաբար, ժողովուրդը թույլ չի տվել։ ՀՀ փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը արդարացնելով ոստիկանի արարքը՝ նշել է, թե իբր Գևորգ Սաֆարյանը հայհոյել է ոստիկանին:

 

 

Ելույթ ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը.



Փորձում են ահաբեկումների միջոցով խոչընդոտել հեղափոխության գործընթացին։ Ականատես եղանք, թե ինչպես են ապօրինի խուզարկումներ արվում հենց հրապարակում։ Ռեժիմը բացահայտում է նաեւ իր ոչ կոմպետենտությունը։ Մեր խաղաղ գործողություններին հակադրեցին ապօրինի գործողություններ: