21.36

 

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը եկել է Բաղրամյան պողոտա: Նա մեկնաբանեց Դավիթ Սանասարյանի հայտարարությունն այն մասին, որ եթե մինչև երկուշաբթի պահանջները չկատարվեն, ապա նրանք աղբամաններն ամեն օր մեկ հատի չափով առաջ կտան. «Լավ է, որ քայլ կա, դա միանշանակ ողջունելի է, իսկ թե դա ինչ կտա պայքարին, բոլորս կտեսնենք երկուշաբթի ու կհասկանանք՝ ինչքանով է արդյունավետ և ինչ տվեց»,- ասաց Սարգսյանը:


20.45

Բաղրամյանում է Երևան ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Եթե երիտասարդները պայքարում են, մեզանից պահանջվում է սատարել նրանց: Ես չեմ ուզում բախում լինի: Ես չեմ ուզում «Սանիթեքի» աղբամանները վնասվեն. դրանցից յուրաքանչյուրը լուրջ գումար արժե և աղբամանները բակերում խնդիր են լուծում»,- նշում է տիկին Բախշյանը:

 

20.21

Բաղրամյանում է պոետ, երգահան, սցենարիստ Էդուարդ Զորիկյանը: Մինչ նրա համերգի մեկնարկը հնչեց «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, հետո Զորիկյանը հեքիաթ պատմեց «Իրական հեքիաթ՝ օտարազգի տնօրենի, ամբարտավան նազիր-վեզիրների, թագավորի ու նրանց բռնած մութ գործի մասին»:

 

Ի դեպ, Զորիկյանն այս գիշերվա ընթացքում է հեքիաթը գրել: Այժմ շարունակվում է երգչի համերգը: 


18.48

Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը լուրեր են հասնում, որ «ռեժիմը փորձ է անելու Մարշալ Բաղրամյան պողոտայում սադրիչ քայլեր կատարել՝ հետագայում դրանք Ժիրայր Սէֆիլյանին ու նրա ընկերներին վերագրելու և նրանց դեմ նոր հալածանք սկսելու նպատակով:

 

Ըստ այդ լուրերի, նման փորձ կատարվելու է այսօր՝ հուլիսի 5-ի, երեկոյան: Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքվող մեր ժողովրդին կոչ ենք անում զգոն լինել, տարբերել հակառակորդին յուրայինից և կանխել սադրանքի որևէ փորձ»:

 

Մանրամասն՝ այստեղ

 

14.00

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Երեկ կեսօրից զանգերի, ֆեյսբուքի ու էլ.փոստի նամակների մի մեծ հոսք է սկսել, ու վաղուցվանից ինձ մոռացած այս մարդիկ զգուշացնում են, որ ճիշտ չէ «Մեկ քայլ առաջ»-ը, որ ես անձնամբ խնդիրներ կունենամ, ինձ չեն ներելու ՃՃՃ
Ովքեր մաֆիա խաղի հոգեբանությունը լավ գիտեն, միանգամից պետք է հասկանան, որ սևերը եթե հակառակվում են, ուրմեն ճիշտ ճամփի վրա ենք...Նրանք չեն անում իրենց կամքով, նրանց խնդրել են, որ դա անեն...

 

Էնպես որ, կարևոր իրադարձությունները սկսվելու են երկուշաբթի 21:00-ից, բայց էսօր Բաղրամյանի բարիկադների մատույցներում բոլորս միասին կնշենք ՀՀ Սահմանադրության տոնը»: 


09.30

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է:

08.00

Լուսաբացը Բաղրամյան պողոտայում. ցուցարարները արթնանում են, սկսվել է տարածքի մաքրությունը: