Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.
00.00
Բաղրամյան պողոտան բազմամարդ է, շատերը նախատեսել են գիշերն անցկացնել պողոտայում, քանի որ իրենց պահանջը չի բավարարվել: Ընդամենը մի քանի տասնյակ ոստիկաններ են հսկում տարածքը:
Հունիսի 28-ին, ժամը 18.00-ին, նախատեսված է մեծ հանրահավաք, որի ժամանակ էլ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կհայտարարեն իրենց դիրքորոշումը:
23.00
«Ոստիկանության համար հաշված րոպեների հարց է հասարարակական կարգի վերականգնումը Բաղրամյան պողոտայում ու դրա համար կան հիմքեր, բայց ոստիկանությունը փորձում է բացատրելով աշխատել նստացույց անողների հետ»,- ասում է Վալերի Օսիպյանը՝ զրուցելով նստացույցի նախաձեռնող խմբի անդամների հետ:
Նա հիշեցրեց, որ թեև հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց անօրինական է, բացակայում են լիազոր մարմնի թույլտվությունները: «Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը, եթե խաղաղ բնույթ է կրում, սակայն եթե խախտվում են օրենքի պահանջները, ամեն պահի ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, Բաղրամյան պողոտայում վերականգնել հասարակական կարգը»,-ասաց Օսիպյանը: Նա նշեց, որ ֆիզիկական ուժի կիրառման օրենսդրական հիմքը ոստիկանությունն ունի:
22.20
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն ասաց, որ վաղը ժամը 18.00-ին մեծ ցույց են կազմակերպելու և իրենց դիրքորոշումը կարտահայտեն հենց այդ ընթացքում: Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի գոհացրել նախաձեռնության անդամներին:
«Այսօր էլ ենք մնալու այստեղ եւ շարունակելու մեր պայքարը»,- հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
21.30
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանիհայտարարությունը նմանեցրել է Մարտի 1-ի դեպքերի հետ կապված հայտարարությանը: «Կառավարությունը որտեղի՞ց պետք է վճարի` պետական բյուջեից, բյուջեն որտեղի՞ց է ձևավորվում` ժողովրդի գրպանից: Այսինքն, քաղաքացին այս գրպանից չէ, մյուս գրպանից պետք է վճարի: Այս կերպ քաղաքացին անուղղակի ձևով կվճարի»- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց հարցը, թե ինչպես կազդի Սերժ Սարգսյանի հայտարարությունը շարժման վրա:
20.50
Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը դեռ մտադիր չէ որևէ քայլ կատարել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։
20.30
«Մեր պայքարը չի ավարտվելու, մինչև մենք չստանանք մեր պահանջի պատասխանը»,- ասում են ակտիվիստները, ովքեր պատրաստվում են այս գիշեր ևս անցկացնել Բաղրամյան պողոտայում:
20.15
«Պահանջը չի կատարվել» գրությամբ պաստառ հայտնվեց ցուցարարների ձեռքին:
19.40
Ըստ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի` սա հաղթանակ չէ, և այս կերպ իշխանությունները փորձում են ժամանակ շահել և մոլորության մեջ գցել մարդկանց: Նա կարծում է, որ պետք է շարունակեն մնալ Բաղրամյան պողոտայում և պայքարել ոչ թե ժամանակավոր, այլ` լիարժեք կասեցման համար:
19.20
Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում Վլադիմիր Գասպարյանը, ով լրագրողներից մեկի հարցին, թե ոստիկանությունը թույլ կտա՞ այս գիշեր Բաղրամյան պողոտայում տոնել հաղթանակը, պատասխանեց. «ոստիկանները ևս պարելու են»: Այնուհետև ոստիկանապետը նետեց. «մաղարիչը ես եմ անելու»:
19.00
Ինչպես Բաղրամյան պողոտայից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը այս պահին քաղաքացիները տոնում են իրենց հաղթանակը. «Հա´ղթա´նա´կ, հա´ղթա´նա´կ»,- բացականչում են քաղաքացիները:
Քաղաքացիների մի մասը սա հաղթանակ չի համարում, քանի որ կառավարությունը փոխհատուցելու է բյուջեից, ինչը նույնպես ժողովրդի գրպանից է դուրս գալու:
17.20
Սերժ Սարգսյանի «որոշումը մեզ չի բավարարում». քաղաքացիական անհնազանդությունը կշարունակվի. հայտարարեց Վաղինակ Շուշանյանը
17.07
Իսկական համերգ՝ Բաղրամյան պողոտայում. հնչում են կիթառով կատարումներ
16.42
Ոստիկանների կուտակումներ Ֆրանսիայի հրապարակում. ջրցան մեքենա են բերել:
15.49
Այս պահին նորապսակներ՝ Կարինեն և Դավիթը եկել են Բաղրամյան պողոտա: Հավաքվածները բղավում են «համ-բույր», «համ-բույր»: Հարսը Բաղրամյան պողոտայում նետեց իր ծաղկեփունջը հավաքվածներին:
Բոլորը շնորհավորում են: Բաղրամյանը շարունակում է ցնծալ և վանկարկել «շնոր-հա-վոր», «շնոր-հա-վոր», «Դուք հրաշք եք»:
15.45
«Սանիտեկը» շարունակում է աղբահանությունը Բաղրամյան պողոտայում:
15.27
Բաղրամյան պողոտայում Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ բացվել է բուժկենտրոն:
Երիտասարդներն առաջին բուժօգնություն են ցուցաբերում՝ մինչ կհասնի շտապ օգնությունը:
14.49
Բաղրամյան պողոտայում «Սանիտեկ»-ի անվտանգությունը երաշխավորում է Երևանի քաղաքապետարանը:
14.12
Նավակը շարժվեց, բայց պայքարը պետք է շարունակել. Բաղրամյան պողոտայում է նաև ռեփեր Համոն:
14.05
Բաղրամյան պողոտայում են նաև մշակութային գործիչներ:
Գեղանկարիչներից մեկն անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանն ասաց, որ կրկնակի ամոթ է աղքատ երկրում հարուստ լինելը:
13.42
«Ոստիկանների մեջ սադրիչներ չկան: Ես դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նման հասկացություն չի կարող լինել՝ սադրիչ ոստիկան»,-լրագրողների հետ զրուցյում ասում է ՀՀ ոստիկանապետը:
12.55
Բաղրամյան պողոտայում բարձր տրամադրություն է, ցուցարարները գնդակներով խաղում են:
12.25
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է: Երիտասարդները նրան պոնչիկ առաջարկեցին: Ի պատասխան՝ ոստիկանապետը ժպտաց:
11.43
Օսիպյանը ցուցարարներին ասաց, որ կարող են աղբատար վարձել, որը կարող է մոտենալ ՃՈ պատնեշ կազմած մեքենաներին, բայց ցուցարարներն աղբն ինքնուրույն պետք է տանեն:
Ցուցարարներն ասացին, որ կտանեն:
11.40
Ցուցարարները փոխոստիկանապետին հայտնեցին, որ Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը Բաղրամյան պողոտայից չի հեռացնում հավաքված աղբը:
Օսիպյանը հայտնեց, որ իրեն չի հաջողվում կապ հաստատել «Սանիթեքի» հետ և նշեց, որ կազմակերպությունն իր դժգոհությունն է ներկայացրել:
«Դուք հարակից տարածքից բոլոր աղբահանման տարաները, այսպես ասած, առգրավել եք, թույլ եք տվել օրենքի խախտում, այն դեպքում, երբ ամեն մի տարան մեծ քանակի ազգաբնակչություն է սպասարկում»,- ասաց Օսիպյանը:
11.36
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ ահազանգ էր ստացվել, որ ցուցարարների շարքերում ալկոհոլ օգտագործած քաղաքացի կա:
Փոխոստիկանապետն ու ոստիկանները շրջեցին ցուցարարների շարքերում, բայց ոչինչ չգտան:
11.30
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ քննարկել է գիշերը 120 մեքենաներ տուգանային հրապարակ տանելու հարցը:
Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։
10.57
Օսիպյանի հրահանգով առգրավեցին Բաղրամյան պողոտայում տեղադրված վրանը:
10.34
Բաղրամյան պողոտայում երիտասարդ ակտիվիստներից մեկն ուշաթափվել է: Շտապ օգնության բժիշկներն արագ արձագանքեցին:
10.10
Գիշերը 120 մեքենա տարվել է տուգանային հրապարակ. վարորդները դիմեցին Նիկոլ Փաշինյանին
8.14
Բաղրամյան պողոտայում լուսաբացը սկսվեց փողոցը մաքրելով, ՀՀ օրհներգի կատարմամբ և վազքով: Ցուցարարները վոլեյբոլ են խաղում, պարի մրցույթներ անցկացնում: