Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքը։ Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, Ազատության հրապարակը մարդաշատ է և ծանր առավոտից հետ, այստեղ են հավաքվել սպասվածից շատ մարդիկ:

 

 

 

19.15

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ցուցարարների միջև: Մի աղջիկ մոտեցավ ցուցարարների հետ բանակցող Օսիպյանին և վերցրեց նրա գլխարկը:

 

 

19.25

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները պահանջում են ազատ արձակել երեկ գիշեր բոլոր բերման ենթարկված նստացույցի մասնակիցներին: Հնչեցին նաև կոչեր՝ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու վերաբերյալ:

 

 

19.47

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները որոշում ընդունեցին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:

 

 

20.00

Ցուցարարներն արդեն Բաղրամյան փողոցի սկզբնամասում են: ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան, այստեղ է նաև երեկվա ջրցան մեքենան:

 

 

20.13

Իրավիճակը ծայրահեղ լարված է: Ցուցարարները մի քանի մետր հեռավորության վրա են ոստիկանական ուժերից: Մի քանի ցուցարար բանակցում են Վալերի Օսիպյանի հետ, ով ի դեպ, կարծես թե, այդպես էլ չի կարողացել վերադարձնել իր ծառայողական գլխարկը:

 

 

20.22

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ հայհոյանքներ չի լսել, սակայն և չբացառեց, որ դրանք եղել: Նա ավելացրեց նաև, որ ոստիկանությունը հանդուրժողական է լինելու, ինչպես որ երեկ:

 

 

20.27

Վալերի Օսիպյանի փոխանցմամբ՝ երեկ բերման ենթարկված նստացույցի մասնակիցներն ազատ են արձակվել:

 

 

20.33

Կրկին նստացույց. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան շարունակվում է արդեն նստացույցի ձևաչափով:

 

 

20.48

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ամո՛թ, ամո՛թ», ինչն ուղեկցվում է բարձր սուլոցներով և դժգոհություն արտահայտող ձայներով:

 

 

21.01

Մի խումբ երիտասարդներ երգում են հայրենասիրական երգեր՝ ծածանելով ՀՀ պետական դրոշները:

 

 

21.04

Վայրկյաններ առաջ քարեր նետվեցին ցույցը լուսաբանող լրագրողների ուղղությամբ:

 

 

21.30

Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայում բարիկադներ են կառուցել՝ աղբարկղներից:

 

 

21.53

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ անընդհատ խոսվում է ոստիկանության շարքերում սադրիչների գոյության մասին, այնինչ սադրիչները ցուցարարների մեջ են, ովքեր էլ աղբամաններ են բերել և տեղադրել Բաղրամյանի բանուկ մասում։ Ոստիկանությունը պահանջում է անհապաղ հեռացնել այդ աղբամանները։

 

 

22.05

Վալերի Օսիպյանը կրկնեց քիչ առաջ արված հայտարարությունը՝ պահանջելով անհապաղ հեռացնել աղբարկղերը՝ այլապես ողջ պատասխանատվությունը կկրի համակարգող խումբը։

 

 

22.09

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երեկվա միջադեպի բոլոր մեղավորներն անպատճառ կպատժվեն։ Վերջինս խոսեց նաև սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների և ոստիկանության դիրքորոշման վերաբերյալ։

 

 

22.19

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը հայտարարեց, որ ոստիկանությունը բացառում է ուժի կիրառումը, եթե ցուցարարները սադրանքների չգնան։

 

 

22.31

Ցուցարարները վանկարկում են «Չեբուռաշկա» բառը։

 

 

22.48

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի համակարգող խումբը ներկա պահին քննարկում են հետագա քայլերը։

 

 

23.05

Ցուցարարները համաձայնվեցին հանդիպել ՀՀ նախագահի հետ՝ լրատվամիջոցների ներկայությամբ։

 

 

01.05

Բաղրամյան պողոտայում անջատեցին լույսերը, Երևանի ոստիկանապետը տեղեկացրեց, որ խնդրը տեխնիկական է և մի քանի րոպեից կրկին կմիացվեն լույսերը:

 

 

01.06

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ ընդհանուր հայտարարի քաղաքացիները չեն եկել:

 

 

01.10

Բաղրամյան պողոտա եկան Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Աղվան Վարդանյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը և բազմաթիվ հասարական, քաղաքական գործիչներ:

 

 

01.13

Պատգամավորները, մտավորականները, հասարական, քաղաքական գործիչները ամբողջ գիշեր կենդանի պատ կկազմեն, որպեսզի բախում տեղի չունենա ակտիվիստների և ոստիկանության միջև: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

01.24

Կենդանի պատ կկազմեն նաև ՀՀԿ-ականներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, ինչն էլ առաջացրեց ցուցարարների բարկությունը: Նրանք պահանջեցին հեռացնել հանրապետականներին: Աշոտյան հեռացի′ր՝ պահանջեցին ցուցարարները:

 

 

03.00

Այս ժամի դրությամբ ակցիան խաղաղ է: Պատգամավորները դեռևս կենդանի պատ են կազմել, որպեսզի բռնություն չկիրառվի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական որևէ լիդերություն կվնասի հարցի լուծմանը: