Հուլիսի 17-ից Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավել են «Սասնա ծռեր» ջոկատի անդամները:  9 օր շարունակ «Սասնա ծռեր»-ը պահպանում է իր հսկողությունը ՊՊԾ գնդում:

 

Այս գիշեր Խորենացի փողոցում հանգիստ է եղել:

 

 23:41

Այս պահի դրությամբ երթի մասնակիցներն արդեն ամբողջությամբ հասան Խորենացի փողոց: 

 

 22:00

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկած հերթական հավաքը շարունակվում է երթով: Հանրահավաքին երթուղին հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Երթի մասնակիցները շարժվելու են Նար Դոսի, Վարդանաց փողոցով դեպի Սախարովի անվան հրապարակ: Ըստ հրապարակված երթուղու' Սախարովի հրապարակից կշրջվեն աջ' դեպի Նալբանդյան փողոց: Այնուհետև Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից մասնակիցները կշարժվեն դեպի Աբովյան փողոց, ապա՝ Հանրապետության հրապարակ: Հանրապետության հրապարակից, Տիգրան Մեծի փողոցով, երթի մասնակիցները կրկին վերադառնալու են Խորենացի փողոց:

Վանկարկում են մի-ա-ցում...հայեր միացեք...

21.51

Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 

«Փոքր Մհերը քարայրից դուրս է եկել, հազար տարի առաջ մտել էր և հիմա դուրս է եկել»,-ասաց նա և նշեց, որ ամեն ջանք ներդնելու են, որ որևէ կողմից որևէ զենք չկրակի: Նա նշեց, որ մարդկանց սննդի, ջրի, դեղորայքի և բժշկական օգնության խնդիրը պետք է լուծվի:

 

«Իրականությունից բացարձակ կտրված իշխանության հետ գործ ունենք, իրենց ակվարիումների մեջ են ապրում»,-ասաց նա և նշեց, որ զգուշացվել է, որ կլինեն մարդիկ, որոնց նյարդերը չեն դիմանա և եղան այդ մարդիկ:

 

Լևոն Բարսեղյանը նշեց, որ Հայաստանը «քաղաքական բանտարկյալներ» չպետք է ունենա, մտքի խղճի կարծիքի բանտարկյալներ չպետք է ունենա:

 

 18.24

Քիչ առաջ Քննչական կոմիտեում կայացվեց որոշում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: 

Այս մասին հայտնել է Անի Նավասարդյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

«Հիմքում դրվեց այն պատճառաբանությունը, որ հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակցության վերաբերյալ կասկածները, որոնց հիման վրա նա ձերբակալվել էր, որևէ փաստական տվյալով չհաստատվեցին»,-ասաց նա և նշեց, որ այդ որոշումն իրենց համար անսպասելի էր: 

«Ես կարծում էի, որ երևի մեղադրանք համենայն դեպս կառաջադրվի՝ գոնե մասնակցության առումով, սակայն Քննչական կոմիտեն այս պահին կայացրեց երևի իրավիճակից բխող ճիշտ որոշում»,-ասաց նա:


18:14

ՊՊԾ գնդի գլխավերևում կրկին ուղղաթիռներ են շրջում:

17.40

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ոստիկաններին և թույլտվություն խնդրեց՝ ՊՊԾ գնդի ներսում գտնվողներին սնունդ փոխանցելու: Ոստիկանն ի պատասխան՝ ասաց, որ ինքը ծառայություն է իրականացնում և չի կարող թույլ տալ: Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ ոստիկանն իր վերադասից պատասխան ստանա և փոխանցի:  

 10.40

Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ այս առավոտ ևս մթնոլորտի սրացման փորձ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շրջել է տարածքով, մոտ 10 րոպե առաջ դիպուկահարները անցել են իրենց սև գործին:

 

10.35

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում կազմակերպված ասուլիսում ասաց, որ եթե սննդի, կապի խնդիրները չլուծվեն՝ այս երեկո կորոշվի, թե ինչ քայլեր պետք է արվեն:

 

09.51

Խորենացի փողոցում կրակոցներ են հնչել, ամենայն հավանականությամբ կրակոցները եղել են ՊՊԾ գնդի տարածքում:

 

08.20

ՊՊԾ գնդի վերեւում քիչ առաջ հայտնվեց ուղղաթիռ, որը պտույտ գործեց եւ հեռացավ:

Տեսանյութը` a1plus.am-ի

 

Խորենացի փողոցում կատարվող իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: