21.30
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամների երթը դատախազության շենքի մոտ ավարտվեց: Երթի մասնակիցները նամակ են հանձնել ՀՀ գլխավոր դատախազին, որով պահանջել են երաշխիքներ տրամադրել, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բողոքի խաղաղ ակցիան ցրելու ընթացքում ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարած ոստիկանները կենթարկ վեն քրեական պատասխանատվության: Երթն այս պահին ավարտվել է. երթի մասնակիցները սպասելու են գլխավոր դատախազության պատասխանին, որից հետո կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին:
20.35
Ցուցարարները բացել են փակված ճանապարհը և տեղափոխվել Գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Հանրապետության հրապարակում նստացույց անելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դուրս եկան ճանապարհի երթևեկելի հատվածից և շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն:
20.05
Մոտ 20 րոպե Մաշտոց–Ամիրյան խաչմերուկում նստացույց անելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դուրս եկան ճանապարհի երթևեկելի հատվածից:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ փողոցը ինքնակամ չբացելու դեպքում ոստիկանությունը ֆիզիկական ուժ կկիրառի և կվերականգնի հասարակական կարգը։
Այն բանից հետո, երբ Օսիպյանը հրահանգեց մոտեցնել ոստիկանական մեքենաները, ցուցարարները ոտքի կանգնեցին և շարունակեցին երթը դեպի դատախազություն, սակայն հասնելով Հանրապետության հրապարակ՝ կրկին նստեցին փողոցում։
19.26
էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր' հուլիսի 14–ին, հավաքվել են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից սկսել են երթը դեպի Գլխավոր դատախազության շենք, որտեղ կպահանջեն քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:
«Պահանջում ենք նաև պատժի ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին դեպքի վայրում գտնվող ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին, հեռացնել նրանց համակարգից, գործ հարուցել նրանց դեմ, այդ քայլով հաստատել, որ նրանք անօրինական քայլեր կատարելու հրաման չեն ստացել ոստիկանապետի կողմից: Նշված պահանջի կետերը չկատարելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնում է անձամբ Վովա Գասպարյանի վրա»,-հայտարարության տեքստն ընթերցեց նախաձեռնության համակարգող անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները: