Ընտրությունները մերժող մի խումբ մարդիկ այսօր հավաքվել էին Երևանի Մաշտոցի պուրակում. Նախախորհրդարանն անցկացնում էր ինքնակազմակերպման հավաք: Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը նշեց, որ նախախորհրդարանի հետևորդները միացել են Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքին։
«Նախախորհրդարանը ստեղծվել է մոտ 3 ամիս առաջ այն զգացողությամբ, որ երկիրը գնում է ճգնաժամի, և մոտ 3 տասնյակ մտավորականներ և քաղաքացիական ակտիվիստներ միավորվեցին, որպեսզի կարողանան սկսել մի նոր քաղաքական գործընթացի մեկնարկ, որը հենց ենթադրում էր նման ճգնաժամ: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, գոյություն ունեցող համակարգի ճգնաժամն է: Գոյություն ունեցող ընտրակեղծիքների մեքենան ժողովրդին և երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ: Այն փաստը, որ ամբոդջ ժողովուրդը նորից փողոց է դուրս գալիս, գալիս է մի պարզ բանի գիտակցությունից, որ չկա վստահություն ընտրական մեքենաների նկատմամբ, և նախախորհրդարանը հենց այն մարմինն է, որը փորձում է ստեղծել այլընտրանքային ընտրությունների հարթակ»: Ըստ նրա՝ այս ընտրությունների ընթացքում եղել են բազմաթիվ ընտրակեղծիքներ: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրությունները կեղծողները բազմադեմ են. «Մենք կարծում ենք, որ միայն արմատական քայլերով կարելի է փոփոխությունների հասնել»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սկսած 1995-ից՝ Հայաստանում կայացած ընտրությունների ընթացքում տվյալ պահի իշխանությունները ստիպված են գնալ ընտրակեղծիքների: «Սա նշանակում է, որ այդ ժամանակից սկսած մարդիկ քվեարկում են այս իշխանությունների դեմ: Երկրորդ ընդհանրությունն այն է, որ միշտ հայտարարվում է, որ հաղթել է իշխանական թեկնածուն: Երրորդ համընկնումն այն է, որ սկսվում են ինչ-որ պայքարի պրոցեսներ, որոնք տարբեր եղանակներով մարվում են: Մենք հերթական անգամ գտնվում ենք նույն վիճակում»: Ըստ Մեսրոբյանի՝ նման դեպքում անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային կառույցներ՝ խորհրդարան, կառավարություն:
Կարո Եղնուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հաղթանակ չի տարել, ինչպես հայտարարվում է. «Ժողովուրդը որոշեց, որ իր ձայնն ընդդիմությանն է տալու, և որոշեց, թե ընդդիմության ջահակիրն ով է լինելու: Հայրիկյանն առաջարկեց միասնական թեկնածու, թեկնածուները չմիացան, բայց ժողովուրդը միացրեց»:
«Այս ռեժիմի օրոք ընտրություններ հնարավոր չէ անցկացնել: Այն, ինչ մենք տեսել ենք, կոչել ընտրություններ, ճիշտ չէ: Սա հատուկ օպերացիա է՝ ուժային համակարգով իրականացված, որը նախապատրաստել են տարիներ: Սա հատուկ օպերացիա է՝ համապատասխան բեմականացմամբ»,- 168.am-ի հետ զրուցում ասաց Ժիրայր Սէֆիլյանը: