«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Վերջին օրերին մենք ապրում էինք թերեւս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփյուռքում կանգնած էր մեծ փորձության ու նոր իրականության առաջ:
Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ես եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Արագ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
Բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից, եւ դա առաջին հերթին հասարակության հստակ պահանջի եւ «Սասնա ծռերի» խոհեմ ու խիզախ որոշման արդյունքն էր:
Դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին, բայց երկու բան ակնհայտ է՝
1.Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության եւ դժգոհության, ինչպես նաեւ խորացող չքավորության։
2.Այսպես այլեւս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։
Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ եւ գործունակ իշխանություն ձեւավորելու նպատակով:
Նոր իշխանության ձեւավորումն այլընտրանք չունի. այսօր դա արդեն պարզ է բոլորին, եւ այդ գործին մասնակից պետք է լինեն իրական փոփոխությունների ձգտող կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները եւ անհատները: Սա՛ է ժողովրդի պահանջը, եւ սա՛ է միակ հնարավորությունը' խաղաղ եւ զարգացող Հայաստան ունենալու:
ՀՀ քաղաքացին ուզում է ապրել անվտանգ, բարեկեցիկ եւ արդար երկրում: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ քաղաքական փոփոխություններին միտված գործընթացի ճանապարհային քարտեզը։
Ես կարեւորում եմ նաեւ Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին: Հայաստանի ժողովուրդը կարիք ունի աջակցության, եւ մենք այն անպայման կստանանք:
Այս փուլում կարեւորում եմ նաեւ մի քանի հրատապ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը:
Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը' Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի եւ մյուսների:
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։
Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական եւ քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները:
Ես հիմա, առավել քան երբեւէ, համոզված եմ, որ քաղաքական կամքի դրսեւորման, նեղ անձնական շահերից վեր կանգնելու եւ համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների»։