Մեր տարածաշրջանը, որ իր պատմության գրեթե բոլոր փուլերում եղել է ու շարունակում է մնալ աշխարհաքաղաքական խարդավանքների ու դավադրությունների կիզակետում, կրկին շարունակում է եռալ, եփ գալ. այստեղ տեղի են ունենում գործընթացներ, որոնց աշխարհաքաղաքական նշանակությունն ու վճռորոշ դերն անտեսելը պարզապես անթույլատրելի կլիներ:

 

Օգոստոսի 8-ին Բաքվում կայացած Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպման մասին խոսվում էր դեռ վաղուց. կանխատեսումներ էին արվում, որ այդ հանդիպումն առավելապես կարևորվելու է ոչ այնքան երեք երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու խթանման առումով, որքան՝ աշխարհաքաղաքական, որի կիզակետային հարցն էր դառնալու ղարաբաղյան խնդիրը:


Եվ այսպես, հանդիպումն այդ այլևս անցյալում է, ու չնայած դեռևս մի փոքր վաղ է՝ վերջնականորեն վերլուծելու դրա արդյունքները, քանի որ դրան հաջորդելու են Էրդողան-Պուտին, Սարգսյան-Պուտին հանդիպումները, բայց արդեն իսկ վստահաբար կարելի է ասել, որ ոչ մի լավ բան մեզ համար Բաքվում կայացած իրադարձությունը չտվեց. ևս մեկ անգամ ականատես դարձանք ռուս-ադրբեջանական «քիրվայության» դրսևորմանն ու Հայաստանին՝ տարածաշրջանային պրոյեկտներից դուրս թողնելուն. այն, ինչ փափագում էինք մենք, կյանքի կոչեցին ազերիները՝ մոտ ապագայում Ադրբեջանը աշխարհի խոշոր տարածաշրջանները միմյանց կապող կարևորագույն օղակ դարձնելու իրական հնարավորությամբ:


Ինչ վերաբերում է կոնկրետ աշխարհաքաղաքականությանն, ապա, կարելի է ասել՝ դրա չափաբաժինը շատ ավելի մեծ էր, քան կարելի է անգամ պատկերացնել: Կողմերը, համատեղ ընդունած հռչակագրում, մասնավորապես, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, հայտարարել են, թե տարածաշրջանային հակամարտությունները էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության ճանապարհին՝ կարևորելով դրանց շուտափույթ կարգավորումը: Առնվազը պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ այստեղ խոսքը գնում է արցախյան հակամարտության մասին, որի կարգավորման վերաբերյալ տարածաշրջանի երկրներն ունեն հիմնականում միմյանց հակասող մոտեցումներ: 

 

Այստեղ հատկապես տեղին է ընդգծել Իրանի ունեցած դերը, որը, լինելով համեմատաբար նոր ակտիվ խաղացող տարածաշրջանում (պարզ է, որ երկար տարիներ գտնվելով Արևմուտքի բացահայտ ճնշումների ներքո՝ Իրանը չեր կարողանում լիարժեքորեն իրացնել սեփական պոտենցյալը ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության մեջ), սեփական շտկումներն է փորձում կատարել տերությունների տարածաշրջանային քաղաքականության մեջ:

 

Ակնհայտ է,որ Իրանը բավական զգուշորեն է մոտենում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման փաստին՝ փորձելով հասկացնել Մոսկվային, որ չի հանդուրժի ռուս-թուրքական հաշտեցման օրակարգում Իրանի շահերը ոտնահարող համաձայնությունների կամ պայմանավորվածությունների կայացումը, ինչը նախևառաջ վերաբերում է արցախյան հարցում միակողմանի լուծումների գնալուն. ահա հենց այստեղ է, որ մեր հարավային հարևանը կարող է էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ վերածվելով մեր բնական դաշնակցի՝ հանգամանք, որ ոչ մի կերպ չես կարող թերագնահատել: Աշխարհի հետ հաշտեցման ուղին բռնած Իրանի համար Անդրկովկասը կարող է դառնալ այն հարթակը, ուր Թեհրանը կարող է հաջողությամբ իրացնել իր տնտեսական և քաղաքական ներուժը: Կովկասը Թեհրանի համար միջազգային կշիռը բարձրացնելու ուղղություններից մեկն է դառնում, և Իրանին, բնականաբար, կարող է անհանգստացնել այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերստին կարող են քննարկել Կովկասի արգելափակման տարբերակները. Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը բարձրանում է:


Չնայած, սակայն, այս ամենին, երբ թվում է՝ Հայաստանն ակամա ձեռք է բերում մանևրելու հնարավորություն, փաստը մնում է փաստ, որ ստեղծված իրավիճակից մեր օգուտ քաղելու հնարավությունները լինելու են ճիշտ այն չափով, որքանով մեր դիվանագիտական հմտություններն են: Ասել կուզի՝ մենք ենք այլևս պատասխանատու լինելու արտաքին ճակատում մեր հնարավոր հաջողությունների ու կորուստների համար, ինչը անխուսափելիորեն մեծացնելու է հայաստանյան ներկայիս ղեկավարության պատասխանատվության չափն ու դառնալու է յուրատեսակ փորձաքար առաջիկայում մեր երկրի ԱԳՆ-ի համար. հուսանք՝ Նալբանդյանը համապատասխան հետևություններ, այնուամենայնիվ, անում է…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ