Իրանի նախագահի առաջին տեղակալ, փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին Իրան այցելեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Պաշտոնական այցի ընթացքում նա կհանդիպի ոչ միայն իրանցի իր գործընկերոջը, այլ նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Այս այցն անհրաժեշտ է դիտարկել վերջին շրջանում հայկական կողմից հնչող շեշտադրումների փոփոխման համատեքստում, մասնավորապես, ավելի ակտիվ խոսակցություններ են ծավալվում ՀՀ-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության ձևավորման անհրաժեշտության շուրջ: Խոսքն առաջին հերթին էներգետիկ ոլորտի համագործակցության մասին է, որը, սակայն, կարող է լուրջ խոչընդոտների հանդիպել:
 
Մասնավորապես, Թուրքմենստանից գազ ներկրելու առաջին խոչընդոտն այն է, որ այսօր թուրքմենական գլխավոր գազային ընկերությունը՝ «ԹուրքմենԳազ»-ը բավական լուրջ տարաձայնություններ ունի Իրանի համապատասխան կառույցների հետ: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Իրանի պարտքը «ԹուրքմենԳազ»-ի մատուցած ծառայության դիմաց՝ կազմում է մոտ 1 մլրդ 600 մլն ԱՄՆ դոլար: Եվ Թուրքմենստանն ամենաբարձր մակարդակով արդեն իսկ հայտարարել է, որ սա բավական լուրջ խոչընդոտ է երկու պետությունների էներգետիկ երկխոսությունը զարգացնելու համար: Հետևաբար՝ հայկական կողմն այստեղ ևս տուժում է: Իրանական իշխանությունները ոչ միայն չեն մարում այդ պարտքը, այլ նաև ոչ մի քայլի չեն գնում այդ իրավիճակը շտկելու համար: Ունենալով այսպիսի բավական լուրջ «աքիլլեսյան գարշապար»՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է Իրանն իր ենթակառուցվածքները տրամադրել թուրքմենական կողմին, որպեսզի թուրքմենական գազը ներմուծվի Հայաստան: Չմոռանանք նաև, որ Իրանն ինքն է շահագրգռված իր բնական գազը հայկական ուղղությամբ արտահանելու հարցում: Եվ դրա մասին բազմիցս խոսվել է, այդ թվում՝ Իրանի նախագահի մակարդակով:
 
Երկրորդ խոչընդոտը պայմանավորված է ռուսական «Գազպրոմի» գործոնով: 2016 թվականի հունվարից «Գազպրոմը» հրաժարվել է Թուրքմենստանից բնական գազ ձեռք բերելուց՝ դա պայմանավորելով որոշ ֆինանսական տարաձայնություններով: Եվ Թուրքմենստանի կառավարությունն էլ իր հերթին՝ հակագազպրոմյան հռետորաբանությամբ է բազմիցս հանդես եկել: Երրորդ խոչընդոտը հարևան Վրաստանի և Ռուսաստանի գործոնն է: Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Վրաստանն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական գազի սպառման ռեժիմի: Այնպես որ, քանի դեռ մենք Վրաստանի կողմից չենք տեսնում համապատասխան դրական ազդակներ, այդ բազմամիլիարդանոց ծրագրերը, որոնց մասին խոսում են պաշտոնյաները, հնարավոր է դիտարկել զուտ տեսական տիրույթում: Ռուսաստանն այս պահին ի վիճակի չէ Հայաստանին շոշափելի առաջարկներ անել, և մենք պարտավոր ենք օգտվել այս առիթից՝ առաջ տանելով մեր սեփական օրակարգը, չնայած իքնին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող դուրս գալ Եվրասիական ծիրից, իսկ Թուրքմենիա-Իրան-Հայաստան, առավել եւս՝ Վրաստան-Սեւ ծով հեռանկարը դուրս է այդ ծիրից: Մյուս կողմից, թերևս առաջին անգամ ստեղծվել է մի իրադրություն, երբ ռուսները նույնպես հասկանում են, որ չեն կարող մշտապես անտեսել հայկական շահերը և ավելին՝ ստիպել, որ մենք ինքներս դրանք անտեսենք: Այս տեսանկյունից՝ Կարեն Կարապետյանի այցը Թեհրան՝ կարող է նոր շունչ հաղորդել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության զարգացմանը, եթե, իհարկե, վարչապետը չի մեկնել Իրան՝ հայտնելու, որ այս անգամ ևս կամովին հրաժարվում ենք քայլ անել դեպի տնտեսական և քաղաքական անկախություն…
 
 
Ստելլա Խաչատրյան