ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով' 01.36-ին) գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

 

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

 

Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ' 5.4 և 4.9 մագնիտուդներով:

 

Կա 6 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ:

 

Reuters-ը հայտնում է, որ Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին տեղական հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ. «քաղաքի կեսն արդեն չկա»:

 

Ամատրիչե քաղաքին լուրջ վնաս է պատճառվել, ավերակների տակ մարդիկ են գտնվում: Այդ մասին հայտնել է քաղաքագլուխ Սերջո Պիրոցին Rai News 24 հեռուստաալիք եթերում:

 

«Քաղաք տանող եւ այնտեղից ելնող ճանապարհները չեն գործում, քաղաքի կեսն ավերված է: Մարդիկ փլատակների տակ են: Տեղի է ունեցել սողանք, հնարավոր է կամրջի փլուզում»:

 

Ավերածությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ակումոլի քաղաքից: Երկրաշարժի էպիկենտրոնը մոտ է գտնվել Լ' Ակվիլա քաղաքին:

 

Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Հռոմում: Մեծ է վիրավորների թիվը: Պաշտոնական իշխանությունների տվյալներով՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ կան:

 

 

Թարմացում

Իտալիայի կենտրոնական մասում անցած գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի: Այդ մասին հայտնել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության ազգային նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իմակոլատա Պոստիլիոնեն Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

 

Դրանից քիչ առաջ նույն մամուլի ասուլիսում նա հայտնել Էր 37 զոհվածների մասին, բայց այնուհետեւ ճշտել Է այդ թիվը:

 

Պոստիլիոնեի խոսքով՝ ներկայում մեծ թվով մարդիկ անհայտ կորած են համարվում, եւ տարերային աղետի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, դեռ կմեծանա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: