wrestling.am Ֆրանսիայի Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ մեր ազատ և հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականները իրենց վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում Երևանում և Աբովյանում: Ազատ ոճի ընտրանին Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մարզվում է Երևանի հավաքականների կենտրոնում: Ինչպես նշեց գլխավոր մարզիչը, օգոստոսի 31-ին կվերջացնեն ուսումնամարզական հավաքը, իսկ սեպտեմբեր 1-ին կմեկնեն մրցավայր: Ֆրանսիայում հանդես է գալու Հայաստանի ազատ ոճի վեց ըմբիշ՝ Արման Անտոնյան (50), Մխիթար Գրիգորյան (55), Հարություն Բարսեղյան (60), Հակոբ Ավետիսյան (66), Տիգրան Մնացականյան (74), Սարգիս Հովսեփյան (84):
Սարգիսը թեև Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել 86 կգ քաշային կարգում, սակայն Ավետիք Վարդանյանն ու նրա օգնական Արմեն Մալխասյանը վերջնականապես չեն կողմնորոշվել Մակոնում նրան, որ քաշային կարգում հայտավորեն: Բանն այն է, որ Հովսեփյանը օր-օրի առնականանում է և քաշ գցելն այնքան էլ նպատակահարմար չէ: Այնպես որ՝ հնարավոր է Սարգիս Հովսեփյանը աշխարհի առաջնությունում հանդես գա 96 կգ քաշային կարգում: Եթե ազատ ոճայինները դեռ մարզվելու օրեր ունեն, ապա Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական հավաքականի երիտասարդ ըմբիշները Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզամշակութային կենտրոնում այսօր ավարտում են իրենց ուսումնամարզական հավաքն ու հենց այնտեղից այս գիշեր կուղևորվեն Զվարթնոց օդանավակայան և կմեկնեն Ֆրանսիա:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝ Սերգե Սիմոնյան (50), Էդգար Թամազյան (55), Գևորգ Խումարյան (60), Մալխաս Ամոյան (66), Արման Բաղդասարյան (74), Էդգար Խաչատրյան (120): Մակոնում Արմեն Բաբալարյանին կօգնի Մովսես Կարապետյանը: Այս ամսին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: