Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին (ժամը՝ 01:30):
Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (ժամը' 04:00) և Վարդան Մանուկյանը (ժամը' 23:00), որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում:
Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (ժամը' 01:30):
Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը (ժամը' 01:30), իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) (ժամը' 04:00):
Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը' 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը' 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:
Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը' 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի: