Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ անցած 8 ամսում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությանը։ Նրա խոսքով՝ անցած տարվա տվյալ ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է։ 

 

«Այս տարվա 8 ամսիների ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 1972 պատահար, որի հետևանքով զոհվել է 150, վիրավորվել՝ 2794 մարդ։ Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քնակը նվազել է 174, զոհերի թիվը՝ 53, վիրավորների թիվը՝ 253-ով։ Սրանք ամենահիմնական պարամետրերն են, որոնցով կարելի է գնահատական տալ, թե ինչպիսին է երկրում վթարայնության վիճակը։ Վերջին 5 տարում սա առաջին դեպքն է, որ նվազում է նկատվում։ Այս 8 ամիսների ընթացքում փրկվել է մոտ 80 մարդու կյանք»,- ներկայացրեց Սարգսյանը։ 

 

Ըստ նրա՝ այս ձեռքբերումը պայմանավորված է երեք գործոնով. «Առաջինը՝ ակտիվացել ու խստացվել է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ վարչարարությունը։ Հաջորդ գործոնը՝ մեր ակտիվ պայքարն էր առջևի թաղանթապատված դիմապակիներով մեքենաների նկատմամբ։ Իսկ երրորդը՝  արագաչափերը և տեսախցիկները»։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ վթարների նվազման գործում քանի տոկոս են գնահատում արագաչափերի և տեսախցիկների դերակատարությունը, ոստիկանության գնդապետը դժվարացավ պատասխանել, նշելով՝ դա համալիր աշխատանքի արդյունք է։

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։