Հայտնի են այն կուսակցություններն ու դաշինքը, որոնք հայտ են ներկայացրել հոկտեմբերի 2-ին նոր քաղաքային իշխանություններ ձևավորել Գյումրիում և Վանաձորում:
Այդ ընտրությունները՝ դրանցում քաղաքական լայն մասնակցության և ինտրիգայնության հետևանքով, վերածվել են խորհրդարանական ընտրությունների մանրապատկերի:
Դրա պատճառները մի քանիսն են. նախ ընտրություններն անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով:
Երբ մրցում են ոչ թե մարդիկ, այլ՝ կուսակցությունները, պայքարն ակամայից քաղաքական է դառնում: Այլ խնդիր է մեր կուսակցությունների քաղաքական ասելիքի որակը, նաև այն հարցը, թե ինչպես է նրանց քաղաքական օրակարգը ներդաշնակվելու կոնկրետ քաղաքին առանձնահատուկ խնդիրներին:
Գյումրու և Վանաձորի ընտրություններում քաղաքական բաղադրիչի ուժեղացման մյուս պատճառը խորհրդարանական մոտալուտ ընտրություններն են: Գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների համար ՏԻՄ այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են, մանավանդ՝ Գյումրու, Վանաձորի և խորհրդարանական առաջիկա ընտրություններն անցկացվելու են միևնույն ընտրակարգով:
Ու թերևս լավ է, որ Գյումրու և Վանաձորի ընտրություններում մեծ հաշվով դաշինքներ չձևավորվեցին:Հստակ կիմանանք, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչքանով է կարողանում վերահսկել ընտրական գործընթացը և ինչքան իրական ընտրող ունի:
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության մեծացումը պայմանավորված է նաև հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպով:
Ճիշտ է, դրա կազմակերպիչներն ու նրանց սատարող շարժումը մերժում են ընտրությունների ինստիտուտը, բայց իրենց գործընթացով ակտիվացրել են հասարակությանը, որն ի տարբերություն «Հիմնադիր խորհրդարան»-ի փոփոխությունների՝ մասնակցային, քաղաքական եղանակներին է նախապատվություն տալիս:
Հիմա անդրադառնանք կոնկրետ Գյումրուն և այստեղ քաղաքական հայտ ներկայացրած կուսակցություններին:
Գյումրին ընդդիմադիր քաղաքի համբավ ունի: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում ստացել է 24.5%: 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ընդամենը 26.5%՝ պարտվելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Գյումրեցիների միայն 35%-ն է կողմ քվեարկել անցյալ տարվա Սահմանադրական փոփոխություններին:
Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն քողարկվել է «Բալասանյան» դաշինքի անվան տակ: Սա ինչ-որ տեղ անեկդոտային լուծում է: Նաև մեսիջ, որ ՀՀԿ-ն փորձելու է հնարավորինս ապաքաղաքականացնել ընտրական գործընթացը՝ դա համարելով իր հաջողության միակ երաշխիքը:
Այնուամենայնիվ, «Բալասանյան» դաշինքն այս ընտրական գործընթացի ֆավորիտներից մեկն է: Չմոռանանք, որ գործի են դրվելու ֆինանսական և վարչական ահռելի ռեսուրսներ:
Իմ սուբյելկտիվ ընկալմամբ, Գյումրու ընտրություններին մասնակից մյուս տաս կուսակցություններից«Բալասանյան» դաշինքին իրական մարտահրավեր կարող են նետել ԲՀԿ-ն, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը և ԳԱԼԱ-ն:
ԲՀԿ ցուցակը գլխավորում է Վարդևան Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգավոր, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ով չունի հստակ քաղաքական ասելիք, սակայն տիրապետում է որոշակի ռեսուրսների:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գյումրեցիներին ներկայանում է խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դեմքով: Այս հանգամանքը հավակնոտ է դարձնում Արթուր Բաղդասարյանի թիմի հայտը, որովհետև խորհրդարանի ակտիվ պատգամավորներից մեկին կարող է բավարարել միայն քաղաքապետի կարգավիճակը:
Ասում են նաև, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությանը և Հովհաննես Մարգարյանին ծածուկ աջակցում է նաև ՀՀԿ-ից նեղացած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Ընդդիմադիր էլեկտորատը հիմնականում կողմնորոշվելու է ԳԱԼԱ-ի օգտին, որովհետև նորաստեղծ այս կուսակցությունն ամենաքաջածանոթն է գյումրեցիների պրոբլեմներին:
Ի դեպ, հատկանշական է, որ ընտրություններին ԳԱԼԱ-ի հետ է մասնակցում Գյումրու գործող ավագանու միակ ընդդիմադիր անդամը՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով ակտիվ մասնակցություն ունեցավ և նույնիսկ մի քանի օրով ազատազրկվեց «Սասնա ծռեր»-ի շարժման օրերին:
Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությունների համար Գյումրու ընտրությունները խորհրարանականից առաջ փորձաշրջան են:
Նրանք փորձելու են հաղթահարել անցողիկության շեմը, բայց առաջին հերթին նպաստելու են այս ընտրությունների քաղաքականացմանը՝ իրենց օրակարգը բերելով Գյումրի:
ՀՅԴ-ն հույսը դրել է բացառապես Շիրակի դաշնակցական մարզպետի ռեսուրսի վրա՝ ակնկալելով դրա շնորհիվ հայտնվել ավագանիում, գուցե նաև, մաս կազմել քաղաքային կառավարմանը:
ՀԱԿ-ի մասնակցությունն իներցիոն, չձևակերպված բնույթ ունի և, ըստ էության, դատապարտված է ձախողման:
«Այլանս», «Գործարար», «Գյումրեցու ոգի» կուսակցությունները Բալասանյանի նախագծի մասն են: Նրանք չունեն որևէ հավակնություն և ընդամենը քվեներ են փախցնելու Գյուրու գործող քաղաքապետի հակառակորդներից:
Սարգիս Հակոբյան