Հայ-վրացական հակասական հարաբերությունների մասին խոսել կարելի է երկար: Չնայած աշխարհում քիչ կարելի է գտնել ազգեր, որոնց պատմական անցյալն այնքան ընդհանրություներ ունենա, որքան՝ հայերի ու վրացիների, փաստը մնում է փաստ, սակայն, որ ներկայիս հայ-վրացական հարաբերություններն ամենևին էլ այն մակարդակի վրա չեն, որպեսզի հնարավոր լիներ որակել դրանք անկեղծ բարեկամական, ինչն, անշուշտ, ամենևին էլ չի կարող բխել մեր կենսական շահերից (Վրաստանի նշանակությունը Հայաստանի համար առավել քան մեծ է, ավելի քան կարևոր):
Ջավախքը, որի դերն ու նշանակությունը հայության համար դժվար է թերագնահատել, գաղտնիք չէ, որ մշտապես կարիք է զգացել հատուկ ուշադրության: Որքան էլ ցավալի կարող է հնչել, բայց փաստ է, որ անկախ Վրաստանի Հանրապետության իշխանություններն, այս երկրի անկախության առաջին իսկ օրերից մինչև մեր օրերը, Ջավախքի հանդեպ վարում են մի քաղաքականություն, որի էությունը, եթե չասենք՝ հակահայկական է, ապա գոնե խիստ վրացամետ է, ինչը բավական թանկ է նստում տեղի հայության վրա բոլոր առումներով:
Ջավախքում վաղուց ստեղծվել է մի վիճակ, որն այլ կերպ, քան հայերիս համար նվաստացուցիչ, չես կարող կոչել: Իսկ այս նվաստացուցիչ վիճակը, ինչպես հասկանալի է, նախևառաջ հայաստանյան իշխանությունների անտարբերության, ջավախահայերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի արդյունք է. այստեղ նույնիսկ, մշակութային կյանք չեն կարողանում կազմակերպել, գրեթե ոչինչ չեն անում՝ հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայի ոգին տեղացիների սրտում արթուն պահելու համար:
Եվ ինչպես, գրո՛ղը տանի, կարող են ինչ-որ բան անել, երբ Վրաստանում դեսպան է նշանակված մեկը, ով ոչ միայն գաղափար անգամ չունի՝ ինչ է ասել դիվանագիտություն կամ, առավել ևս, մեծ քաղաքականություն, այլև առավոտից երեկո թբիլիսյան իր նստավայրում զբաղված է «մուկ տշելով»:
Յուրի Վարդանյանն, ում արդարացիորեն կարելի է համարել բոլոր դեսպաններից ամենաապաշնորհն ու ոչ պրոֆեսիոնալը, ինչպես հայտնի է, բավական երկար ժամանակ է՝ ինչ Վրաստանի Հանրապետությունում աշխատում է ՀՀ դեսպան: Փաստն այն է, սակայն, որ սույն չինովնիկը ոչ միայն մատը մատին չի տվել ասենք Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու համար, այլև չի կարողանում գլուխ բերել նույնիսկ պարզագույն հարցեր՝ ասենք նույն Ջավախքում հայության կյանքը մի փոքր թեթևացնելու ու դրան առավել կազմակերպված բնույթ տալու:
Ու հիմա ջավախահայությունը, բառացիորեն մատնված անտերության ու չկարողանալով դիմակայել վրացական պետության՝ գրեթե նացիոնալիստական քաղաքականությանը, կա՛մ լքում է սեփական բնօրրանը, կա՛մ ստորացուցիչ պայմաններին հարմարվելով՝ ինչ-որ կերպ շարունակում գոյությունը քարշ տալը:
Այսպիսով՝ ստիպված ենք խոստովանել, որ Հայաստանի իշխանությունների անփառունակ քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն հայաստանցիներիս, այլև երկրից դուրս գտնվող հայերի վրա, ինչի բուն պատճառն, անշո՛ւշտ, նախևառաջ սխալ կադրային քաղաքականությունն է ոչ միայն երկրից ներս, այլև՝ դուրս, որի «պայծառ» օրինակներից մեկն, ինչ խոսք, պետք է համարել Յուրի Վարդանյանի՝ որպես դեսպանի գոյությունն ինքնին. համաձայնե՛ք, սրանից ավելի վատ ընտրություն Նալբանդյանը չէր կարող անել…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ